11 հուլիս, 2018 10:40

Ադրբեջանում բողոքի ցույցի արդյունքում սպանվել է երկու ոստիկան

Հուլիսի 10-ին Ադրբեջանի բնակչությամբ երկրորդ ամենամեծ՝ Գյանջա (նախկին՝ Գանձակ) քաղաքում տեղի է ունեցել բողոքի ցույց՝ կապված քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ մահափորձի հետ։ Ակցիայի կազմակերպիչների համոզմամբ՝ մահափորձը հենց Վելիևի կամայականությունների արդյունք էր։ Նրանք պահանջում են հետաքննել մահափորձն ու քաղաքապետի գործունեությունը։ 

Ինչպես հաղորդում է Turan գործակալությունը, բողոքի ակցիան կազմակերպվել է սոցիալական ցանցերի միջոցով։ Ընդհանուր առմամբ հավաքվել է մոտ 200 հոգի։ Մասնակիցների մի մասի և ոստիկանության միջև բախումներ են սկսվել, որոնց արդյունքում սպանվել է ոստիկանության երկու սպա։ Բերման է ենթարկվել մոտ 40 մարդ։ 

Երկրի ներքին գործերի նախարարությունը հավաքվածներին բնութագրել է որպես «արմատական տրամադրված կրոնականների», որոնց նպատակն էր «կոպտորեն խախտել հասարակական կարգը»։ 

Ըստ հաղորդագրության՝ ոստիկանության «վճռական միջոցների արդյունքում հակաօրինական գործողությունները կասեցվել են», մի մասը բերման է ենթարկվել, մի մասը՝ փախուստի դիմել։

Տեսանյութը՝ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատիրոջ էջից։