11 հուլիս, 2018 15:01

Նախագահն առաջարկել է, որ «Հայաստան» հիմնադրամը ժամանակավոր ղեկավարի Պետրոս Թերզյանը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին առաջարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը ժամանակավորապես դնել Հոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի վրա։

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 10-ին նամակով դիմել է Հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ առաջարկելով ընդունել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը, որը վերջինս ներկայացրել էր նախորդ օրը:

Միեւնույն ժամանակ, Հանրապետության նախագահն առաջարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը ժամանակավորապես դնել Հոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի վրա, այնուհետեւ հայտարարել բաց մրցույթ՝ Հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար:

Այդ նպատակով առաջարկվում է ստեղծել մրցութային հանձնաժողով՝ Պետրոս Թերզյանի նախագահությամբ: Հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկվելու են նաեւ Հանրապետության նախագահի, վարչապետի, Արցախի Հանրապետության նախագահի մեկական ներկայացուցիչ, ինչպես նաեւ Հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Պողոսյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը պաշտոնից հրաժարական է ներկայացրել հուլիսի 9-ին։ Ազգային անվտանգության ծառայությունը Արա Վարդանյանին ձերբակալել էր հուլիսի 3-ին՝ հիմնադրամի միջոցները ինքնակամ տնօրինելու կասկածանքով։ Վարդանյանը խոստովանել էր, որ 2006-2008 թթ․ հիմնադրամի վարկային քարտով մոտ 130 միլիոն դրամի խաղադրույքներ է կատարել առցանց խաղատներում։ Նա ասել էր, որ ծախսված գումարներն այնուհետ վերականգնել է իր միջոցներից։ Հուլիսի 10-ին Վարդանյանը ներողություն էր խնդրել բոլորից։

Պետրոս Թերզյանը տնտեսագետ է, էներգետիկ ոլորտի մասնագետ։ Նա ղեկավարում է ֆրանսիական Petrostrategies հետազոտական ընկերությունը։

Հարցազրույցներ Պետրոս Թերզյանի հետ՝

Հայաստան-Սփյուռք հարաբերություններում մեծ հնարավորություններ են բացվել․ Պետրոս Թերզյան

Հայաստանում էներգիայի հիմնական աղբյուրը պետք է լինեն արևը, քամին և ջուրը․ Պետրոս Թերզյան

Արցախի հողի վրա է գրվում այսօրվա հայոց պատմությունը. Պետրոս Թերզյան

Ժամանակն-անվերադարձ-ի-վնաս-Ադրբեջանի-է-գործում․-Պետրոս-Թերզյան

Նավթ և գազ. տարածաշրջանի իրական խճանկարը