11 հուլիս, 2018 23:01

Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Էմանուել Մակրոնի և Ֆեդրիկա Մոգերինիի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ 

Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Վարչապետը նախ շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային հավաքականի՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ և ֆրանսիական թիմին մաղթել հաջողություններ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես գնահատում է Ֆրանսիայի հետ ձևավորված առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների ավանդական բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա։ «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը։ Հանձնառու ենք այն ամենաբարձր մակարդակով կազմակերպելուն։ Շնորհակալ ենք Ֆրանսիային նախապատրաստական աշխատանքներում ցուցաբերվող աջակցության համար»,- ասել է ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ գագաթնաժողովի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվելու նաև տնտեսական բաղադրիչին. նախատեսվում է անցկացնել ֆրանկոֆոն երկրների գործարարների և գործատուների բիզնես ֆորում և այդ ֆորումի արդյունքում ստեղծել ֆրանկոֆոն երկրների գործարարների ցանց: Վարչապետը հավելել է, որ Հայաստանում գործարարության համար ստեղծված են հավասար պայմաններ և համոզմունք հայտնել, որ նոր պայմաններում նոր խթան կստանան նաև հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան և մասնակցությունը գագաթնաժողովին այդ կարևոր միջոցառումն առավել հնչեղ կդարձնի թե՛ Հայաստանի և թե՛ ողջ ֆրանկոֆոն համայնքի համար։

Էմանուել Մակրոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և կարևորել մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունների խաղաղ, ժողովրդավարական ճանապարհով հանգուցալուծումը: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել բարեկամ Հայաստանի հետ սերտ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը՝ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական: Էմանուել Մակրոնը վստահություն է հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Երևանում կանցկացվի բարձր մակարդակով և հույս է հայտնել, որ Հայաստան կատարելիք այցի ընթացքում հնարավորություն կլինի առավել առարկայական քննարկել հայ-ֆրանսիական կապերի հետագա խորացմանն ու ամրապնդմանն ուղղված հարցերն ու նախագծերը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ղարաբաղյան հակամարտությանը և կարևորել դրա կարգավորումը խաղաղ բանակցային գործընթացի միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել համանախագահ երկրների, այդ թվում Ֆրանսիայի ջանքերը՝ ուղղված Արցախի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին և հավելել, որ հիմնախնդրի կարգավորման ցանկացած ռազմական փորձ պետք է դիտարկել որպես ոտնձգություն ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Վարչապետն ընդգծել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի անկախությունից ի վեր եղել է մեր երկրի վստահելի գործընկերը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի նոր կառավարությունը հետամուտ է երկրի ժողովրդավարական զարգացման վերընթաց ուղուն, օրենքի գերակայության ապահովմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և մրցակցային ու բարենպաստ գործարար միջավայրի ամրապնդմանը: Այս համատեքստում, կառավարության ղեկավարը կարևորել է ԵՄ խորհրդատվական ու ֆինանսական աջակցությունը՝ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ճանապարհին:

Խոսելով մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ արժեհամակարգ, որը կառավարությունը հանձնառու է առավել զարգացնել ու ամրապնդել:

Ֆեդերիկա Մոգերինին ողջունել է Հայաստանում տեղի ունեցած խաղաղ ժողովրդավարական փոփոխությունները և կարևորել ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգումը: «Դուք կարող եք մեզ վրա հենվել Ձեր նախաձեռնած արմատական բարեփոխումների ճանապարհին՝ օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով: Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունն ունենալու է պայծառ ապագա, մենք պատրաստ ենք օժանդակելու Ձեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին»,- ասել է Մոգերինին:

Զրուցակիցները կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում ու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հաջող իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը և Ֆեդերիկա Մոգերինին ամփոփ քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի խաղաղ կարգավորումն, ըստ Բարձր ներկայացուցչի, շարունակում է մնալ Եվրոպական միության առաջնահերթություններից մեկը: