11 հուլիս, 2018 22:46

Սերժ Սարգսյանի եղբորորդին կալանավորվել է

Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, կալանավորվել է։ Քննչական կոմիտեից ՍիվիլՆեթին տեղեկացրին, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը սպանության փորձի համար մեղադրվող Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ։

Մինչ այս Հայկ Սարգսյանը ստորագրությամբ ազատ էր արձակվել։ Ալեքսանդր Սարգսյանի որդուն մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։

Այս քրեական գործի վարույթը կարճվել է շուրջ 11 տարի առաջ, սակայն այն վերաբացվեց ընդամենը վերջերս՝ նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված։

Ըստ քրեական գործի՝ 2007-ի ապրիլի 1-ին ՀՀ քաղաքացի Դավիթ Սիմոնյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է թիվ 3 կլինիկական հիվանդանոց՝ Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից: Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին էր ներկայացել քաղաքացի Ա.Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ, որի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է՝ մարմնական վնասվածք պատճառելով ընկերոջը՝ Դ.Սիմոնյանին, կողմերը հետագայում հաշտվել են ու գործը կարճվել է։

Սակայն, նոր երևան եկած հանգամանքներով պարզվել է, որ Սիմոնյանն իրականում հրազենային վնասվածքն ստացել է Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի բնակության վայրի՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում՝ 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Պարզվել է վիճաբանության շարժառիթը, միջադեպին ականատես անձի ինքնությունը։