12 հուլիս, 2018 17:24

Համանախագահները շեշտում են լարվածությունը թուլացնելու և հրահրիչ հռետորաբանությունից խուսափելու կարևորությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա, Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ) Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասված է։

«Նախարարները մտքեր փոխանակեցին տեղում տիրող իրավիճակի շուրջ և քննարկեցին բովանդակային բանակցություններում կրկին ներգրավվելու ուղղությամբ քայլերն ու պարամետրերը։ Կողմերը դիտարկեցին ապագա հանդիպումների վերաբերյալ մի շարք հարցեր, այդ թվում՝ վստահության կառուցման ուղղությամբ հավանական միջոցներ։

Համանախագահները շեշտեցին լարվածությունը թուլացնելու և հրահրիչ հռետորաբանությունից խուսափելու կարևորությունը։ Համանախագահները նաև վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ օգնելու կողմերին գտնել հակամարտության խաղաղ լուծում՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա, որոնք են՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը։

Նախարարները համաձայնեցին կրկին հանդիպել մոտ ապագայում՝ համանախագահների հովանու ներքո»։