12 հուլիս, 2018 14:10

Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, յուրահատուկ էր և շատ եվրոպական․ Դոնալդ Տուսկ

ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու համար Բրյուսել ժամանած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ։

Յունկերի հետ հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարները՝ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների համատեքստում: Ժան-Կլոդ Յունկերը նշել է, որ հայաստանյան զարգացումների խաղաղ ու ժողովրդավարական բնույթը ոգևորել է իրենց և պատրաստակամություն հայտնել շարունակաբար աջակցելու մեր երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախորդ բոլոր տարիներին ցուցաբերված աջակցության համար և հավաստիացրել, որ այսուհետ ԵՄ թե՛ ինստիտուցինոլ, թե՛ ֆինանսական և թե՛ խորհրդատվական աջակցությունը կօգտագործվի առավել նպատակային: «Հայաստանում արդեն շուրջ երկու ամիս տևող հակակոռուպցիոն պայքարի շարունակականությունը մեր կառավարության հիմնական գերակայություններից է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Տուսկի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ նոր կառավարության նպատակն է ամրապնդել ժողովրդավարության հաղթանակը, ապահովել երկրում օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, և որ այս ճանապարհին Հայաստանը կարևորում է ԵՄ աջակցությունը և պատրաստ է վերջինիս հետ սերտ համագործակցության: Դոնալդ Տուսկը կարևորել է ՀՀ-ԵՄ համագործակցության ծավալների ընդլայնումը և ողջունել Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած համազգային միավորումը: «Ես միշտ եղել եմ Հայաստանի բարեկամը: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, յուրահատուկ էր և, ասեմ Ձեզ, շատ եվրոպական: Ձեր օրինակը շատ խոստումնալից էր և կարող եք ակնկալել Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին»,- ասել է Դոնալդ Տուսկը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված տարբեր հարցերի շուրջ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո իրականացվող բանակցային գործընթացին և ընդգծել, որ հակամարտությունը ռազմական տարբերակով լուծելու յուրաքանչյուր փորձ կլինի ոտնձգություն տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ: «Հայաստանը, ինչպես ցանկացած այլ ժողովրդավարական երկիր, ձգտում է խաղաղության և անում է ամենը տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես Բրյուսելից փոխանցում է ՍիվիլՆեթի լրագրող Մկրտիչ Կարապետյանը, կայացել են նաև որոշ մասնավոր շփումներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ։ Հանդիպում է տեղի ունեցել նաև Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ։