13 հուլիս, 2018 12:00

Կհզորացնենք ժողովրդավարությունը՝ միջազգային գործընկերների օգնությամբ կամ առանց դրա․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ին կոչ է արել Ադրբեջանին ուղերձ հղել՝ միջազգային համայնքը չի ընդունի ղարաբաղյան հակամարտությունը ուժով կարգավորելու որևէ փորձ։ Euronews-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը պահպանելու է սերտ կապը Մոսկվայի հետ։

- Պարոն վարչապետ, շնորհակալություն ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Euronews-ի հետ զրուցելու համար։ Առաջին ընդհանուր հարցը՝ ի՞նչ է ծրագրում Հայաստանի կառավարությունը ՆԱՏՕ-ի հետ, և որո՞նք են Ձեր մտադրությունները՝ կապված ՆԱՏՕ-ի հետ։

- Գիտեք՝ Հայաստանը ՆԱՏՕ-ի գործընկեր է։ Մենք մասնակցում ենք ՆԱՏՕ-ի երկու առաքելություններին՝ Կոսովոյում և Աֆղանստանում։ Դա մեզ հնարավորություն է տալիս մասնակցել միջազգային անվտանգության ապահովմանը։ Սակայն մենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք, և Հայաստանը տեսնում ենք այս կազմակերպությունում և անվտանգության այս համակարգում։

- Հայաստանը մտադիր է մնալ Ռուսաստանի անդրդվելի դաշնակի՞ցը, թե՞ մերձենալ ՆԱՏՕ-ի հետ։

- Մենք կմնանք Ռուսաստանի սերտ դաշնակիցը և հուսով ենք զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի, արևմտյան երկրների, Եվրամիության ու ԱՄՆ-ի հետ։ Մենք մտադիր չենք շրջադարձ կատարել մեր արտաքին քաղաքականության ոլորտում։

- Կարծում եք՝ ՆԱՏՕ-ն կարո՞ղ է օգնել Հայաստանին ղարաբաղյան հակամարտոթյան հարցում։

- Այս հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Ցավոք, վարչապետ դառնալու առաջին օրվանից ես տեսնում եմ, որ Ադրբեջանը խորացնում է իր ագրեսիան Հայաստանի նկատմամբ։ Այժմ մենք տեսնում ենք, որ իրավիճակը փոխվում է, քանի որ ագրեսիվ այս քաղաքականությունը ոչ միայն Հայաստանի դեմ է, այլև, կարծում եմ, ժողովրդավարության դեմ․ Հայաստանն այժմ իրապես ժողովրդավարական երկիր է։

Կարծում եմ՝ Ադրբեջանը մտավախություն ունի, որ իր ժողովուրդը կոգեշնչվի հայաստանյան գործընթացներից և Ադրբեջանում ժողովրդավարական փոփոխություններ կնախաձեռնի։ Շատ օգտակար կլիներ, եթե ՆԱՏՕ-ն զորեղ ուղերձ հղեր Ադրբեջանին, որ ղարաբաղյան հակամարտությունը ուժով լուծելու ցանկացած փորձ կարժանանա միջազգային հանրության ուժեղ հակազդեցությանը։

- Հայերից լսել եմ ու նաև դրսից հետևում ենք Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կոռուպցիոն դեպքերի բացահայտմանը։ Ի՞նչ տեղի կունենա, եթե կոռումպացված բոլոր պաշտոնյաները հայտնվեն բանտում։

- Մեզ համար շատ կարևոր է պայքարել կոռուպցիայի դեմ, սակայն շատ կարևոր է դա անել վճռականորեն՝ օրենքի շրջանակում և մարդու իրավունքները պաշտպանելով։ Ես եղել եմ քաղբանտարկյալ Հայաստանում, և ինձ համար մեծ նվաստացում կլիներ, եթե մենք Հայաստանում ունենանք նոր քաղբանտարկյալներ։

- Ինչպե՞ս եք շարունակելու բարեփոխումները։

- Մեզ հաջողվել է անել մեծ տնտեսական փոփոխություններ։ Մենք հաստատել ենք հավասար դաշտ տնտեսության բոլոր խաղացողների համար։ Հուսով ենք՝ հայաստանյան տնտեսությունը դարձնել ավելի գրավիչ օտարերկրյա ներդրումների համար։ Հայաստանյան ժողովրդավարությունը կհզորացնենք՝ մեր միջազգային գործընկերների օգնությամբ կամ առանց մեր միջազգային գործընկերների օգնության։