13 հուլիս, 2018 12:59

Նիկոլ Փաշինյանը՝ ժողովրդավարության երազանքը վառ պահող չորս խաչակիրների շարքում. TIME

Ամերիկյան TIME ամսագիրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին դասել է «Ժողովրդավարության երազանքը վառ պահող չորս խաչակիրների» շարքին։ 

«Այսօր աշխարհում յուրաքանչյուր երեք բնակչից մեկն ապրում է ավտորիտար ռեժիմի ներքո, մյուսների դեպքում զգալիորեն նվազում են ժողովրդավարական ազատությունները: Դեպի ավտոկրատիա անկումը ոտքի է հանել միլիոնավոր մարդկանց, ովքեր պահանջում են իրենց ասելիքն ունենալ երկրի կառավարման հարցում»,- ասվում է հոդվածում։

TIME-ը զրուցել է իրենց երկրներում ժողովրդավարության համար պայքարող չորս անձանց հետ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Տոգոյի ընդդիմության առաջնորդ, բլոգեր Ֆարիդա Նաբուրեմայի, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ուիդեդ Բուշեմեուի և Նիկարագուայում բողոքի շարժման առաջնորդ Էնրիթ Մարտինեսի հետ։ Նիկոլ Փաշինյանը TIME-ի հետ զրույցում մասնավորապես ասել է․ 

«Իմ ժողովրդի հանդեպ սերն ինձ ստիպեց դուրս գալ խորհրդարանական խմբակցության ղեկավարի իմ հարմարավետ գրասենյակից և 20 գիշեր անցկացնել անտառներում, փողոցներում, վրաններում ի նշան բողոքի՝ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարության դեմ: Անձնական դրդապատճառներ չունեի: Նպատակս իմ հայրենիքի և ժողովրդի համար ազատություն ու երջանկություն նվաճելն էր: Ասում էի, որ եթե քաղաքացիները հարյուր հազարներով դուրս գան փողոց, և իշխանությունը չփոխվի, ես այլևս քաղաքական գործունեություն չեմ ծավալի: Առաջին օրվանից մենք շարունակ ասում էինք, որ որևէ մեկի նկատմամբ բռնության չենք դիմի, նույնիսկ եթե մեր նկատմամբ բռնություն կիրառվի։ Հարթակից հայտարարում էի՝ մենք առաջնորդվելու էինք աստվածաշնչյան այս խոսքով՝ «Եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյո՛ւսն էլ դարձրու»: Գիտեինք, որ երբեք չենք նահանջելու։

Ի վերջո ժողովուրդը հաղթանակ տարավ, և ես կհարգեմ իմ պարտավորությունը՝ ապահովել ժողովրդի հաղթանակի հարատևումը։ Համոզված եմ, որ մենք առաջ ենք շարժվելու ժողովրդավարության կառուցման, կոռուպցիայի դեմ պայքարի, անկախ դատական համակարգի ստեղծման և օրենքի գերակայության, մարդու իրավունքների և տնտեսական մրցակցության պաշտպանության ճանապարհով: Մեզ համար ժողովրդավարությունը տարածաշրջանային շահերի կամ արտաքին քաղաքական կողմնորոշման բաղադրիչ չէ, այլ արժեքների և համոզմունքների արտացոլում: Հավատում եմ, որ Հայաստանը կդառնա աշխարհի ամենաուժեղ ժողովրդավարություններից մեկը»։

 

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի