15 հուլիս, 2018 14:46

Հանրապետականը Երևանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրի

ՀՀԿ-ն Երևանի քաղաքապետի նոր թեկնածու չի առաջադրի։

Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որ հաշվի առնելով երկրում ստեղծված նոր իրողությունը, իրենք հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չեն առաջադրելու թեկնածու և չեն մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։

«Խորապես համոզված ենք, որ, ստեղծված իրավիճակում Երևան քաղաքի հետագա բնականոն և շարունակական զարգացումը ապահովելու նպատակով, նոր քաղաքապետին և ավագանու անդամներին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները»,- ասված է հայտարարությունում։

Ավագանու ԵԼՔ խմբակցությունը ևս հայտարարել է, որ թեկնածու չի առաջադրելու։

Միայն Երկիր ծիրանի խմբակցությունն է առաջադրել քաղաքապետի թեկնածու՝ իր ղեկավար Զարուհի Փոստանջյանին։

Երևանի քաղաքապետ, հանրապետական Տարոն Մարգարյանը քաղաքապետի պաշտոնից հրաժարական է տվել հուլիսի 9-ին։ 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երրորդ աշխատանքային օրը, հրավիրվում է ավագանու նիստ և որոշվում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը։ Այդ նիստը հրավիրվել է հուլիսի 16-ին։

Արտահերթ ընտրությունները անցկացվելու են ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում։ Ընտրություններին թեկնածու առաջադրելու իրավունք ունեն ավագանու խմբակցությունները, այսինքն՝ ՀՀԿ-ն, ԵԼՔ-ը և Երկիր ծիրանին կարող են առաջադրել սեփական թենածուներին։ Ներկայում 65 հոգանոց ավագանու կազմում Հանրապետական կուսակցությունն ունի 46 անդամ, ԵԼՔ-ը՝ 14 անդամ, Երկիր ծիրանին՝ 3 անդամ։

Օրենքի համաձայն՝ եթե ավագանին չի կարողանում քաղաքապետ ընտրել, ապա կառավարությունը կարող է միջամտել և կրճատել ավագանու լիազորությունների ժամկետը՝ նշանակելով ավագանու արտահերթ ընտրություններ։

Քանի որ ավագանում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն չի մասնակցելու ընտրություններին, նշանակում է, որ օրենքի ուժով կնշանակվեն ավագանու նոր ընտրություններ։