16 հուլիս, 2018 13:59

Նոր սկանդալ հայկական ֆուտբոլում․ վեճ «Փյունիկի» և Ֆեդերացիայի միջև  

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև տեղի ունեցած սկանդալին հետևեց երկու այլ ակումբների՝ «Բանանցի» ու «Փյունիկի» վեճը ֆեդերացիայի հետ։ Երկու ակումբները հրաժարվել էին ընդհանուր թվով իրենց 29 ֆուտբոլիստներին տրամադրել Հայաստանի մինչև 17 և 19 տարեկանների հավաքականին՝ հիմնավորելով դա այն երկարատև ժամկետով, որով ֆեդերացիան ցանկանում է ֆուտբոլիստներին իր տրամադրության տակ վերցնել։ Ֆեդերացիան այս տարիքայինների հնարավոր ձախողման մեջ շտապեց մեղադրել «Փյունիկին» ու «Բանանցին»։

Իսկ արդեն այսօր՝ հուլիսի 16-ին, «Փյունիկը» հաղորդագրություն է տարածել՝ փակագծեր բացելով ակումբի ու ֆեդերացիայի մեջ տեղի ունեցած որոշ միջադեպերի մասին։

Ըստ «Փյունիկի»՝ իրենք նախատեսում էին ակումբը վերանվանել «Երևան», սակայն  ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ առնչություն ունեցող «Ավան ակադեմիա» ակումբը, չնայած նախնական համաձայնությանը, հասցրել է անվանափոխվել՝ դառնալով «Երևան», ինչը «Փյունիկը» համարում է հակաիրավական։

Ըստ «Փյունիկի»՝ ֆեդերացիայի նախագահի հրահանգով ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնը ակումբին չեն տրամադրել, որպեսզի թիմը մարզվի Եվրոպայի լիգայի որակավորման փուլին։ Որակավորման փուլի հանդիպումը անցկացվել է «Հանրապետական» մարզադաշտում։ Դրա համար ակումբից գանձվել է 5 միլիոն դրամ, որը կրկնակի բարձր է եղել նախկինում սահմանված վարձավճարի չափից։

«Փյունիկը» նաև հայտարարում է, որ հուլիսի 7-ին Ռուբեն Հայրապետյանն ակումբին կարգադրել է 24 ժամում ազատել «Փյունիկի» ֆուտբոլային մարզադպրոցը։ Մարզադպրոցի մուտքերը փակվել են՝ թեև ըստ հաղորդագրության իրենք պայմանավորվածություն ունեին երկարաժամկետ օգտագործել մարզադպրոցը։ «Ավելի քան 700 երեխա և 40 արհեստավարժ մարզիչ զրկվել են մարզումներ անցկացնելու իրենց հնարավորություններից, ինչպես նաև ֆուտբոլային հանդիպումներ անցնկացնելուց: Սա էլ այն դեպքում, երբ մեր դպրոցի սաները Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների կորիզն են կազմում»,- նշված է ակումբի հաղորդագրությունում։

Այս բոլոր գործոությունները, ըստ «Փյունիկի», հաջորդել են հունիսի 30-ի արտահերթ նիստում «Շիրակի» դեմ որոշման կայացմանը չմասնակցելուն։ Այդ օրը հրավիրված ժողովի մասնակիցները զրկել են «Շիրակին» ֆեդերացիայի անդամությունից։

«Գիտակցելով, որ այս բոլոր գործողությունները կառուցողական չեն, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը որոշեց հրաժարվել այդ հանդիպմանը մասնակցելուց: Այնուամենայնիվ, հունիսի 29-ի երեկոյան «Փյունիկ» ակումբի տնօրենի պաշտոնակատարը ՀՖՖ-ի ղեկավարությունից զանգ է ստացել։ Նրան հորդորել են ներկայանալ ժողովին և կողմ քվեարկել օրակարգային բոլոր հարցերին, ինչն էլ վերջինս արել է։ Դրանից հետո մենք ստիպված ենք եղել դադարեցնել մեր համագործակցությունը տվյալ անձի հետ։»,- նշված է «Փյունիկ»-ի հաղորդագրությունում։

Մինչ այս ֆեդերացիան ակումբային առաջնությունում հանդես եկող միակ մարզային թիմին՝ «Շիրակին» մեղադրել էր պայմանավորված խաղ անցկացնելու փորձի մեջ։ Ակումբը, չընդունելով մեղադրանքը, հանել էր իր բոլոր տարիքային թիմերին Հայաստանի առաջնություններից՝ որպես բողոքի նշան։ «Շիրակի» ղեկավար Արման Սահակյանը հայտարարել էր, որ կվերադառնան առաջնություն այն ժամանակ, երբ ՀՖՖ ողջ կազմը հեռանա։

Մկրտիչ Կարապետյան