27 հուլիս, 2018 16:31

Ամուլսարի հարցը կապված է Հայաստանի միջազգային համբավի, նաև՝ բնապահպանական ռիսկերի հետ․ Ավինյանի գրասենյակ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն է տարածել «Լիդիան Արմենիա» ընկերության հաղորդագրության և տեսանյութի վերաբերյալ։ «Լիդիան Արմենիան» տարածել էր կայքերից մեկում հայտնված տեսանյութը, որտեղ նշվում էր, որ Ամուլսարի հանքի ճանապարհները փակած ցուցարարներին սնունդ է մատակարարվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մեքենայով։ «Լիդիան Արմենիան» ավելի վաղ ևս պնդել էր, որ իր դեմ արշավի հետևում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։

Տարածված տեսանյութի վերաբերյալ փոխվարչապետի գրասենյակի հայտարարությունում նշվում է, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցը սերտորեն փոխկապակցված է մի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի և վստահելի գործընկերոջ միջազգային համբավի ձևավորման, իսկ մյուս կողմից՝ բնապահպանական պոտենցիալ ռիսկերի հետ, որոնք անաչառ գնահատման կարիք ունեն։

«Հենց այս գնահատականի նպատակով ձևավորվել և արդեն իսկ գործում է աշխատանքային խումբ, որն, անկասկած, հաջողությամբ կիրականացնի այն առաքելությունն, ինչի համար կոչված է, այն է՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող՝ հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրում ու իրագործում։

Միևնույն ժամանակ չենք կարող անուշադրության մատնել և չարձանագրել խորը մտահոգություն առաջացնող նոր ի հայտ եկած փաստերը, որոնք չպետք է վրիպեն նաև խնդրով զբաղվող մարմինների ուշադրությունից։ «Լիդիան Արմենիա» ընկերության վերջին հաղորդումն օբյեկտիվ և հետևողական ուսումնասիրության կարիք ունի։

Մենք պետք է լիովին վստահ լինենք, որ Ամուլսարի ու ընդհանրապես ողջ Հայաստանի բնության պահպանմամբ մտահոգ և, անկասկած, ազնիվ նպատակներ հետապնդող բնապահպանների ծավալած պայքարից չեն փորձում օգտվել և օպորտունիստական վարքագիծ դրսևորել նեղանձնական շահեր հետապնդող սուբյեկտներ։

Հայաստանի Հանրապետության Կառավարությունն Ամուլսարի հանքի շահագործման հարցի անաչառ և օրինական լուծման ապահովման երաշխավորն է։ Այս նպատակով ի հայտ եկած բոլոր փաստերն իրավունքի և օրենքի գերակայության, տնտեսական ազատությունների անվերապահ պահպանման սկզբունքերի հիման վրա պետք է օբյեկտիվ քննության ենթարկվեն։

Հայաստանի տնտեսական շահերը, միջազգային վարկանիշը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, ինչպես նաև՝ քաղաքացիական ազնիվ պայքարը չեն կարող ու չպետք է շահագործման առարկա դառնան պատեհապաշտների ձեռքում»:

Այս հայտարարությանն արձագանքել է «Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ նշելով, որ Հայաստանի շահերից է բխում ստուգումները հավասարաչափ, նույն սկզբունքով և պարամետրերով իրականացնել բոլոր հանքերում: 

Բնապահպանները և մի շարք այլ խմբեր հայտարարում են, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը վտանգավոր է այս տարածքից սկիզբ առնող ջրերի և Ջերմուկ քաղաքի համար։ «Լիդիան Արմենիան», մինչդեռ, չի ընդունում այդ պնդումները և հայտարարում է, որ ծրագիրն իրականացնում է միջազգային ամենաբարձր չափանիշներով։