2 օգոստոս, 2018 14:18

Վարչապետը կարևորել է բուհերի և մասնագիտական ակադեմիաների ներդաշնակեցումը

Կառավարության օգոստոսի 2-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կրթական ոլորտին, մասնավորապես նշելով, որ ակադեմիաները կարելի է նույնականացնել բուհերի հետ:

«Ընդհանարպես, միշտ մտածել եմ, որ մեր իրականության ամենակարևոր խնդիրներից մեկը զուգահեռ իրականությունների գոյությունն է: Նախկինում ես բնորոշում էի այդ զուգահեռ իրականությունը հետևյալ կերպ, որ ունենք մի կողմից օրինակ՝ գրված Սահմանադրություն, որը սահմանում է, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն այսպես, այսպես և մյուս կողմից ունենք իրականություն, որտեղ հարաբերությունները կարգավորվում են բոլորովին այլ կերպ՝ առնվազն շատ զգալի մասում»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով` խնդիրը երկու իրականությունները սինխրոնիզացնելն է և Հայաստանը զբաղվում է այդ գործով:

Օրինակ Հայաստանի տարբեր գերատեսչությունների կազմում գործում են կրթական հաստատություններ՝ դիվանագիտական ակադեմիա, արտակարգ իրավիճակների ակադեմիա, արդարադատության ակադեմիա, պետական կառավարման ակադեմիա, ռազմական ակադեմիա, մյուս կողմից բուհական համակարգն է, որտեղ պատրաստվում են իրավաբաններ, դիվանագետներ և այլ մասնագետներ:

«Որոշ դեպքերում ունենք յուրահատկություն, մասնավորապես ռազմական ոլորտի դեպքում, իսկ որոշ դեպքերում այս զուգահեռ կրթական իրականությունը ծագել է այն պատճառով, որ պրակտիկ գործով զբաղվողները համարել են, թե ավանդական կրթական համակարգը չի մատակարարում այն մակարդակի մասնագետներ, որոնց հնարավոր կլինի ներգրավվել կոնկրետ աշխատանքի մեջ:


Հիմա գրեթե վստահաբար կարելի է ասել, որ առնվազն կանխավարկածն այն է, որ օրինակ՝ ԱԻՆ-ի ակադեմիայում շատ ավելի լավ մասնագետներ են պատրաստում առնվազն պրակտիկ առումով, քան պատրաստում է, պայմանական ասած, ավանդական բուհական համակարգը: Բայց այստեղ առնվազն առաջարկում եմ հարցադրում՝ արդյոք մենք չպետք է բուհական, ընդհանրապես կրթական համակարգը սինխրոնիզացնելու խնդիր առաջադրենք: Մասնավորապես, այն բուհերը, որոնք պետք է պատրաստեն մասնագետներ, իրոք պատրաստեն մասնագետներ և ոչ թե մասնագետներ, որոնք ձեռնտու չեն պրակտիկ ոլորտին»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ կրթության ոլորտում սա հրատապ խնդիր է և պետք է լուծումներ գտնել:

«Ինչո՞ւ մենք չենք նույնականացնում, օրինակ՝ դիվանագիտական ակադեմիան ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի հետ: Ընդ որում, օբյեկտիվ գնահտելով այդ լիազորությունը պատվիրակենք, վերապահենք առավել բարձր որակ ապահովող օղակին: Կարծում եմ, որ պետք է կրթության ոլորտում այսպիսի գործընթացի մասին մտածենք, որպեսզի այստեղ էլ կարողանանք մեր իրականությունները նույնականացնել: Դա ի վերջո կբերի առաջին՝ կադրերի պատրաստման առավել արդյունավետ համակարգ ունենալուն, երկրորդ՝ հսկայական պետական միջոցներ խնայելուն: Մենք նույն նպատակի համար, փաստորեն, 2 անգամ և 2 տարբեր տեղերում ծախսում ենք պետական միջոցներ և սա առնվազն արդյունավետ չէ»,- եզրափակել է Փաշինյանը: