7 օգոստոս, 2018 17:26

Էմոցիաները մի կողմ դնենք և մնանք փաստարկների դաշտում․ փոխվարչապետը՝ Ամուլսարի ծրագրի մասին

Պետք է էմոցիաները մի կողմ դնենք և մնանք փաստարկների դաշտում․ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի վերաբերյալ հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Ազատության Ֆեյսբուքյան ասուլիս հաղորդմանը Ավինյանին հարց է ուղղվել Ամուլսարի ծրագրի ճակատագրի մասին։

Ավինյանը նշել է, որ Ամուլսարի մասով հատուկ աշխատանքային խումբ է ձևավորվել, որտեղ ներգրավվել են միջազգային փորձագետներ, և իրեն հետաքրքիր է փորձագետների կարծիքը․

«Մյուս շաբաթ այս աշխատանքային խումբը կսկսի իր աշխատանքները և կտա իր եզրակացությունը: Պետք է էմոցիաները մի կողմ դնենք և մնանք փաստարկների դաշտում։ Եթե կլինի մի փոքր հավանականություն, որ կա վտանգ մեր ջրերին, որևէ բան չի կարող կանգնեցնել մեզ հանքի շահագործումը դադարեցնելու համար»:

«Ես կարծում եմ, որ հանքարդյունաբերության խնդիրներն ուսումնասիրելիս ամենակարևոր հարցը արդարության հարցն է: Մենք պետք է դիտարկենք, թե մեր այս կամ այն որոշումը որքանով արդարացի կլինի տարբեր շահառուների խմբի համար: Մասնավորապես և՛ հասարակության այն ներկայացուցիչների համար, որոնք որ պայքարում են հանքերի դեմ, և՛ նաև տնտեսվարողների համար»,- ասել է փոխվարչապետը:

«Բնականաբար մենք չենք կարող թույլ տալ, որ մեր երկրում որևէ հանք շահագործվի, որը կարող է աղետաբեր հետևանքներ ունենալ ջրերի, մեր առողջության, մեր սերունդների կենսամիջավայրի վրա: Սա այն տրամաբանությունն է, որից որ մենք բխում ենք»,- նշել է նա:

Հուլիսի 27-ին Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ նշելով, «որ մենք պետք է լիովին վստահ լինենք, որ Ամուլսարի ու ընդհանրապես ողջ Հայաստանի բնության պահպանմամբ մտահոգ և, անկասկած, ազնիվ նպատակներ հետապնդող բնապահպանների ծավալած պայքարից չեն փորձում օգտվել և օպորտունիստական վարքագիծ դրսևորել նեղանձնական շահեր հետապնդող սուբյեկտներ»։

Բնապահպանները պնդում են, որ Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրը վտանգ է ներկայացնում տեղի ջրերի համար, որոնք հոսում են դեպի Սևանա լիճ և Ջերմուկ։ Հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը հերքում է այդ պնդումները և նշում, որ շահագործման ընթացքում պահպանում են բնապահպանական ամենաբարձր ստանդարտները։