8 օգոստոս, 2018 13:49

«Սանիթեքը» տուգանվել է 12 մլն դրամով

«Սանիթեք» ընկերությունը տուգանվել է 12.000.377 դրամի չափով` սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքերի համար, այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայամանգրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության և վարչական շրջանների համապատասխան ծառայությունների կողմից ս.թ. հուլիս ամսին իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքեր, որոնց մասով «Սանիթեք» ընկերությանն ուղղարկվել են «Համապատասխանության մասին ծանուցումներ» և սահմանվել ողջամիտ ժամկետներ՝ թերությունները վերացնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:

Ըստ հաղորդագրության` ոչ բոլոր դեպքերում են թերությունները վերացվել ծանուցումներով սահմանված ժամկետներում, որի հիման վրա, պայմանագրին համապատասխան, թողարկվել է «Ծառայությունների ձախողման մասին» ծանուցում և սահմանված կարգով հուլիս ամսվա կատարողականից պահվել է տուգանք՝ 12.000.377 դրամի չափով:

«Սանիթեք» ընկերությանը նաև զգուշացվել է, որ ծառայությունները պայմանագրին համապատասխան և պատշաճ չիրականացնելու դեպքում կկիրառվեն պայմանգրով սահմանված ավելի կոշտ միջոցներ: