8 օգոստոս, 2018 09:26

Արծվաշենը պահել հնարավո՞ր էր

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում և սահմանագծում չի իրականացվել նրանց անկախության հռչակումից ի վեր: Հայաստանի զինված ուժերը նախկին Խորհրդային Ադրբեջանի վարչական տարածքում ունեն մի շարք ռազմական հենակետեր, նույն կերպ՝ ադրբեջանական զինված ուժերը ռազմական հենակետեր ունեն նախկին Խորհրդային Հայաստանի տարածքում: Պատճառը ոչ միայն պատերազմից հետո ստեղծված իրավիճակն է, այլ բարդ աշխարհագրությունը, հատկապես ՀՀ-Նախիջևան սահմանում և Տավուշի մարզի ու հարևան Ղազախի շրջանում:

Պատերազմի արդյունքում որոշ «պարզություն» է մտցվել հայ-ադրբեջանական բարդ և խճճված սահմաններում: Այդ «պարզությունը», սակայն, նաև մարդկային ճակատագրեր է խեղել, մի քանի հազար մարդ դարձել է փախստական:

1992 թվականի օգոստոսի 8-ին ընկավ Ադրբեջանի տարածքում կղզյակի վերածված Հայաստանի Կրասնոսելսկի (այսօր՝ Ճամբարակ) շրջանի Արծվաշեն գյուղը: Հայկական կողմը տվեց ավելի քան երկու տասնյակ զոհ: Մինչև ադրբեջանական կողմի գրավումը, Արծվաշենն ուներ ավելի քան 700 տուն բնակչություն: Նրանց հիմնական մասը հաստատվեց Կրասնոսելսկի շրջանում և առաջին հերթին՝ շրջկենտրոնում, այսօր՝ Ճամբարակ:

Արծվաշենի անկումից մեկ-երկու տարի առաջ՝ 1990-1991 թթ., հայկական ուժերը վերահսկողության տակ էին վերցրել ադրբեջանական 8 գյուղեր, որոնցից մեկը՝ Քյարքին, այսօրվա Տիգրանաշենը: Այդ գյուղը վարչականորեն պատկանում էր Նախիջևանին և վերածվել էր կղզյակի Խորհրդային Հայաստանի Արարատի շրջանում: Քյարքին, որ հայկական ուժերը վերահսկողության տակ  վերցրեցին 1990-ի սկզբին, Պարույր Սևակ և Զանգակատուն գյուղերի միջև է:

Քյարքիից բացի հայկական ուժերի վերահսկողության տակ են Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի 7 գյուղեր: Ահա այդ գյուղերը և բնակչության թվաքանակը, երբ հայկական ուժերը վերահսկողության տակ վերցրին դրանք (ըստ ադրբեջանական աղբյուրի, հայկական աղբյուրի տվյալներ չկան). Յուխարը Աքսիպարա – 1.283 հոգի, Աշաղը Աքսիպարա – 637, Բաղանիս-Այրում – 615, Բարխուդարլու – 383, Խեյրիմլի – 291, Կըզըլ Հաջիլի – 266, Սոֆուլու – 182 հոգի:

Անցյալ տարի՝ Արծվաշենի անկման 25-ամյակի առիթով ՍիվիլՆեթը ֆիլմ էր նկարել Հայաստան-Ադրբեջան անկլավների պատմությունից (https://www.youtube.com/watch?v=YCKzsOjB5VY): Մենք նաև երկու հարցազրույցներ հրապարակեցինք Արծվաշենի անկման թեմայով, որից մեկը այն ժամանակ Գերագույն խորհրդի պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պահեստազորի գնդապետ Գևորգ Բաղդասարյանի հետ, որի համոզմամբ, տեղի ունեցածը գործարք էր՝ տարածքների փոխանակություն Հայաստանի և Ադրբեջանի միջև:

1992-ի ամառը Արցախի և Հայաստանի համար ամենածանր ժամանակներն էին պատերազմի երեք տարիների ընթացքում: Հուլիսի վերջերին Լաչինի շրջանի Հոչազ և Տիգիկ գյուղերի մոտակայքում ադրբեջանական ուժերն անակնկալ հարձակում էին կատարել, 24 հայեր սպանվել էին, ևս ութը` անհետ կորել: Օգոստոս-սեպտեմբերին ղարաբաղյան ուժերը գրեթե կորցնում էին Լաչինի միջանցքը: Ադրբեջանի բանակային երկրորդ կորպուսը գեներալ-մայոր Դադաշ Ռզաևի հրամանատարությամբ հարձակում էր սկսել հյուսիսից: Արցախյան ուժերին հաջողվեց հակառակորդին կանգնեցնել Լաչինից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Օգոստոսի 8-ին ընկավ Արծվաշենը:

Հաջորդ օրը՝ օգոստոսի 9-ին, Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռագիր հղեց Հավաքական անվտանգության պայմանագրի (այսօր՝ ՀԱՊԿ) ղեկավարներին` հորդորելով կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները, քաղաքական, ռազմական և այլ միջոցներով կանխել պատերազմը. «Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքի մի մասը` Արծվաշեն գյուղը, և ներխուժել նրա օդային տարածքը` ռազմական ինքնաթիռներով ռմբակոծել Գորիսի շրջանը: ՀԱՊ անդամ պետության դեմ ագրեսիա է կատարված»:

Օգոստոսի 11-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց Ազատության աջակցության ակտի 907 ուղղումը, որն ամերիկյան կառավարությանն արգելվում էր ուղղակի օգնություն տրամադրել Ադրբեջանին, քանի դեռ վերջինս չի դադարեցնում Հայաստանի ու Արցախի շրջափակումը:

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն օգոստոսի 20-ին նամակով դիմեց ՄԱԿ` շտապ կարգով Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստ հրավիրելու խնդրանքով. «Ռուսական զորքերի օգնությամբ Ադրբեջանը հարձակումներ էր իրականացնում ԼՂ-ի նկատմամբ, Մարտակերտի շրջանի զգալի մասը գրավված էր: Մենք ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջում էինք դատապարտել ԼՂ բնակչության հանդեպ իրականացվող ագրեսիվ քաղաքականությունը, ինչպես նաև` ակնկալում քաղաքական գնահատական Հայաստանի շրջափակումներին»:

Պատերազմից հետո առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մի առիթով նշել է, որ Արծվաշենը մենք ոչ թե կորցրել, այլ փոխանակել, «բարտեր» ենք արել Խորհրդային Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական կղզյակների հետ, որից, տարածքային իմաստով, շահած ենք դուրս եկել:

Թաթուլ Հակոբյան  

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: