9 օգոստոս, 2018 11:57

ՀՔԾ-ն տեղեկություն չի կարող տրամադրել Հովիկ Աբրահամյանին հարցաքննության հրավիրելու մասին

Նախաքննության շահերից ելնելով՝ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) որևէ տեղեկություն չի կարող տրամադրել Հովիկ Աբրահամյանին հարցաքննության հրավիրելու մասին։

Որոշ լրատվամիջոցներ, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում են, որ ՀՔԾ-ն ծանուցում է ուղարկել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ Մարտի 1-ի գործով հարցաքննելու համար:

ՀՔԾ լրատվական ծառայությունից «Արմենպրես»-ին հայտնել են, որ նախաքննության շահերից ելնելով՝  որևէ տեղեկություն այդ մասով չեն կարող տրամադրել:

«Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կտրվի»,- ասել են ՀՔԾ լրատվական ծառայությունում:

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում էր մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: Այս դեպքի առթիվ ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը։