9 օգոստոս, 2018 13:27

Վիկիլիքսի հրապարակման հիման վրա չի կարող մեղադրանք առաջադրվել. ՀՔԾ պետ

Վիկիլիքսի հրապարակման հիման վրա չի կարող մեղադրանք առաջադրվել. հայտարարել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանը։

Օգոստոսի 9-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա պատասխանել է դիտարկմանը, թե նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել Վիկիլիքսի հրապարակման հիման վրա։ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը և քննության խոչընդոտելու հոդվածով: Նրա նկամամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 

«Եթե անձին մեղադրանք է առաջադրվել, ուրեմն եղել են օրենսդրությամբ նախատեսված ապացույցներ»,- ասել է Խաչատրյանը:

Օգոստոսի 3-ին Սասուն Խաչատրյանը Հանրային հեռուստատեսության հետ զրույցում ասել էր, որ 2008-ի մարտին նախագահի աշխատակազմի կողմից ճնշումներ են եղել Սահմանադրական դատարանի վրա, ինչի համար մեղադրանք է առաջադրվել այն ժամանակվա նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին։ Խաչատրյանը հիշեցրել էր  Վիկիլիքսի փաստաթղթի մասին, որտեղ Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանը ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին պատմել է իր նկատմամբ ճնշումների մասին։

Օրերս տված հարցազրույցում Պողոսյանը հայտարարել է, որ ինքը Արմեն Գևորգյանի դեմ ցուցմունք չի տվել։

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք է առաջադրվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը կալանավորվել է; պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, որը հետախուզման մեջ է; պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ներկայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, որը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։