10 օգոստոս, 2018 14:22

Եթե ուզում ենք բյուջեն մեծանա, պետք է արդյունավետ օգտագործենք. Փաշինյան

Կառավարության կողմից համայնքներին տրամադրվող աջակցության տրամաբանությունը պետք է փոխվի և լինի համագործակցություն, այս մասին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է «Արմենպրեսը»:  

Փաշինյանը Տավուշում հանդիպել է ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:

«Օգնության տրամաբանությունը պետք է փոխենք համատեղ աշխատանքի տրամաբանությամբ: Հիմա կառավարությունը հասկանալիորեն անելու է շատ ավելին, քան արել է նախկինում, սակայն շատ կարևոր է, թե դրա վերնագիրն ինչ ենք դնելու: Եթե ասում ենք օգնություն, ապա այլ տրամաբանություն է, եթե ասում ենք համատեղ աշխատանք, համագործակցություն, ապա գործ ունենք այլ իրավիճակի հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` հիմա այնպիսի իրավիճակ է, երբ կառավարությունն ունի գումար, սակայն չի կարողանում ծախսել համայնքներում: Նրա տեղեկացմամբ` այսօր կառավարությունը պատրաստ է առաջին փուլում 10-15 մլրդ դրամ տրամադրել համայնքներին սուբվենցիաների ծրագրով:

«Ի՞նչ ունենք. պարզվում է, որ համայնքները պատրաստ չեն այդ գումարնեըր ծախսել մի քանի պատճառով: Համայնքները չունեն համապատասխան գումարներ, իրենց կողմից մասնակցություն ունենալու համար,  դրանից բացի՝ շատ դեպքերում չունեն նաև համապատասխան ծրագրեր, այսինքն՝ չկա պատկերացում, թե կոնկրետ ինչ պետք է անել համայնքի զարգացումը ռելսերի վրա դնելու համար: Ինչո՞ւ համայնքները չունեն գումար:

Սովորաբար ասվում է՝ բյուջեն քիչ է, բայց այստեղ ծագում է այլ հարց, արդյո՞ք այդ գումարները ծախսվում են ըստ նպատակի, արդյո՞ք բյուջեն օգտագործվում է ամբողջ ներուժով, թե հարևան, բարեկամ, ծանոթի գույքահարկի, ընտրությունների և վստահված անձերի գույքահարկերի հետ կապված ունենք երևույթներ»,- նշել է վարչապետ Փաշինյանը: