10 օգոստոս, 2018 16:49

Քոչարյանի կալանքի մասին վճիռը կհրապարակվի երկուշաբթի

Վերաքննիչ քրեական դատարանը Ռոբերտ Քոչարյանի կալանքի հետ կապված որոշումը կհրապարակի երկուշաբթի, ժամը 16:00-ին, այս մասին լրագրողներին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը:

Քոչարյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանները Վերաքննիչ դատարանում բողոքարկում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի քննությունը մեկնարկել էր օգոստոսի 9-ից:

***

Ռոբերտ Քոչարյանը երկու ամսով կալանավորվել է հուլիսի 27-ին։ Նա մեղադրվում է 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Հատուկ քննչական ծառայությունը նրան մեղադրանք էր առաջադրել հուլիսի 26-ին։   

Քոչարյանը իր նկատմամբ սկսված գործընթացն անվանել է քաղաքական հաշվեհարդար։

«Սահմանադրական կարգը տապալելու» հոդվածով մեղադրանքներ են առաջադրվել նաև Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին։ Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին էլ մեղադրանք է առաջադրվել արդարդատությանը խոչընդոտելու հոդվածով: