11 օգոստոս, 2018 12:37

Բանավեճերի «ցանկալի» թեման սպասվող ընտրություններում

Ալեքսանդր Գրիգորյանը տնտեսագետ է, դասախոս, Հայաստանի ամերիկյան համալսարանի MBA ծրագրի ղեկավարըԱլեքսանդր Գրիգորյան

Հեղափոխությունը բնական էքսպերիմենտ էր Հայաստանի արտաքին քաղաքականության արդիականությունը ստուգելու համար: Այն մնաց հիմնականում անփոփոխ, իսկ գլխավոր ճշգրտումն այն էր, որ ժողովրդի կողմից մանդատ ստացած իշխանությունը առավել անկախ է հայամետ քաղաքականություն իրականացնելու համար և գլոբալ խաղացողների կողմից ճնշումներին ունի հակազդման ռեսուրս: Պետական անվտանգության համակարգը, Եվրասիական միության մաս լինելը, Ղարաբաղի խնդրի կարգավորումն ու Եվրոպայի հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում շարունակում են մնալ գրեթե նույն կշիռներով և բովանդակությամբ: Փորձը ցույց տվեց, Հայաստանի արտաքին քաղաքական (հետևաբար և տնտեսական) վեկտորը կախված չէ երկրի առկա ինստիտուտներից և հիմնականում պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոններով, որոնք ժամանակի մեջ կայուն են:

Առաջիկա ընտրությունների համատեքստում սա նշանակում է, որ արտաքին քաղաքականության խնդիրները թեժ բանավեճի առարկա չեն լինելու: Քաղաքական ուժերը մրցակցելու են ներքին խնդիրների շուրջ իրենց տեսլականներով: Հասարակությունը ակնկալում է ունենալ արդար ընտրություններ, և քաղաքական օրակարգը ինչ-որ տեղ սպառվում է դրանով: Այդ իրավիճակում քաղաքական ուժերի բանավեճը ծավալվելու է տնտեսական զարգացման և քաղաքականության հարցերի շուրջ:

Ինչպիսի՞ տնտեսական զարգացման մոդելներ կարող են առաջարկել քաղաքական ուժերը ընտրություններին ընդառաջ: Կարծում եմ, որ անխտիր բոլոր ուժերը պետք է մեծ ջանքեր ներդնեն նոր որակի տնտեսական ծրագրեր մշակելու համար: Հին տնտեսագիտության ներկայացուցիչները, որոնցից շատերին տեսել ենք մեր ուսումնառության տարիներին, պետք է պարզապես հեռանան բեմից: Տնտեսության զարգացման մոդելները և տնտեսական քաղաքականությունը պետք է մշակվեն ժամանակակից տնտեսագետների կողմից, ովքեր կիրառում են մաթմոդելավորման բարդ տարրեր՝ ունենալով համապատասխան կրթություն և փորձառություն:

Այսօր, յուրաքանչյուր քաղաքական ուժ, եթե ցանկություն ունի ընտրություններում հաջողության հասնել, պետք է գիտատար ռեսուրս ներդնի գյուղատնտության ոլորտում ապահովագրության խնդիրը հասկանալու և լուծումներ առաջադրելու համար

Բանավեճերը պետք է լինեն բարձր մակարդակի վրա և չսահմանափակվեն պրոտոկոլային դասակարգումներով: Որպես օրինակ կարող եմ բերել գյուղատնտեսությանն անհրաժեշտ ապահովագրության խնդիրը: Նախկինում դրա անհրաժեշտության և ներդրման պատրաստակամության դրույթներ հանդիպել ենք գրեթե բոլոր ծրագրերում, բայց արդյունքում ապահովագրության գործիքները չեն ներդրվել: Այսօր, յուրաքանչյուր քաղաքական ուժ, եթե ցանկություն ունի ընտրություններում հաջողության հասնել, պետք է գիտատար ռեսուրս ներդնի գյուղատնտության ոլորտում ապահովագրության խնդիրը հասկանալու և լուծումներ առաջադրելու համար:

Մեզ հայտնի լրջագույն դեմքերով, բայց ծեր մտածողությամբ մարդիկ դա չեն կարող անել: Նման ռեսուրսով ներկայացված կուսակցությունները պարզապես կպարտվեն:

Այսօր օրակարգային խնդիր է ունենալ մրցակցային ընտրություններ, և քաղաքական ուժերը այն իրապես կարող են դարձնել մրցակցային, եթե ներկայանան տնտեսության զարգացման ժամանակակից գործիքակազմով հագեցած մոդելներով: Ոչ թե պետք է թուղթը վերցնել ու գրել 134 կետից բաղկացած ծրագիր, այլ անհրաժեշտ է ունենալ տնտեսության ծրագրավորված մաթեմատիկական մոդել (օրինակ, computable general equilibrium model), որը հնարավորություն կտա գեներացնել զարգացման և քաղաքականության բազմաթիվ սցենարներ և ընտրել լավագույնը:

Մեզ պարզապես անհրաժեշտ է Հեղափոխություն այս ոլորտում, եթե մենք ուզում ենք ունենալ տնտեսական բարեկեցություն մեր երկրում:      

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: