11 օգոստոս, 2018 17:52

ԼՂ բանակցությունների համար անհրաժեշտ է որոշակի նախապատրաստական փուլ․ Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ է նախապատրաստական փուլ: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին Տավուշ կատարած աշխատանքային այցի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք կա որևէ նորություն՝ կապված Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման հետ: 

«Ես ասել եմ, որ մենք պատրաստ ենք իրադարձությունների զարգացման որևէ սցենարի, այդ թվում՝ բանակցությունների: Կարծում եմ, որ բանակցային գործընթացի համար, մանավանդ այս քաղաքական իրավիճակում, բոլորս հասկանում ենք, որ անհրաժեշտ է որոշակի նախապատրաստական փուլ, որոշակի նախապայման: Մենք մեր քաղաքական պատրաստակամությունն ենք հայտնել բանակցությունները կառուցողական հունով շարունակելու հարցում, ստանձնած քաղաքական պարտավորությունների շրջանակում և Հայաստանի ազգային շահերի համատեքստում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: