14 օգոստոս, 2018 12:00

LIVE BLOG. Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս է հրավիրել «Էրեբունի Պլազա» հյուրանոցում։ Օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը և վերացրեց նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի դատարանի որոշումը։ Քոչարյանը, որը կալանավորվել էր հուլիսի 27-ին, ազատ արձակվեց։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2008-ի փետրվարյան ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

Ասուլիսին զուգահեռ «Էրեբունի Պլազա» հյուրանոցի մոտ ընթանում է բողոքի ցույց ընդդեմ Վերաքննիչ դատարանի որոշման։

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին ՍիվիլՆեթը հետևում է ուղիղ տեքստային թարմացումներով։ Հայտարարությունները ներկայացվում են հակադարձ ժամանակագրությամբ։

***

13։34

Ակտիվիստները ստորագրահավաք են սկսել՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու պահանջով։ Նրանք բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ են։ 

13։20

Գլխավոր դատախազությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալու հետո դրան համահունչ բողոք կներկայացնի: Այս մասին գլխավոր դատախազության շենքի դիմաց հավաքված քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը:

13:56

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում դիմում է ժողովրդին՝ նշելով, որ Հայաստանում բոլոր հանցագործները ենթարկվելու են պատասխանատվության, ժողովրդից վերցված ամեն մի կոպեկ վերադարձվելու է ժողովրդին։ Հայաստանում կա մի տեր ու մի իշխանություն, դա ՀՀ քաղաքացին է, նշում է Փաշինյանը։ Նա օգոստոսի 17-ին բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ։ 

12։54

Դեռևս վերաքննիչ դատարանի որոշումը չենք ստացել, երբ կստանանք որոշումը, դրան համահունչ բողոք կհայտնենք․ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ Վահագն Մուրադյան

 

12։39 

Քոչարյանի պիտի ցմահ բանտարկվի․ Սարգիս Քլոյան։ 

12:30 

Ակտիվիստները երթով շարժվում են դեպի Գլխավոր դատախազություն։ 

12:28

Ազատության թղթակիցը հաղորդել է, որ Ռոբերտ Քոչարյանը հեռացել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոնի տարածքից։ 

12։20

Վարդգես Գասպարին, մարտի մեկի զոհերի նկարները ձեռքին, պառկել է ասուլիսի սրահում։ 

12։16 

Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսն արդեն տապալված է, նշում են ակտիվիստները։

12:15

Հայաստանում անարդարությունը հեշտ չի անցնի․ Դավիթ Պետրոսյան

12:12

Ցուցարարները ներխուժել են սրահը, որտեղ նախատեսված է ասուլիսը։ Վանկարում են՝ «Ռոբերտ, մարդասպան»։