3 սեպտեմբեր, 2018 14:49

Տարվա առաջին 6 ամսվա կտրվածքով վերջին 8 տարիների ամենաբարձր տնտեսական աճն է արձանագրվել․ Արծվիկ Մինասյան

Հայաստանում այս տարվա առաջին 6 ամսվա կտրվածքով վերջին 8 տարիների ամենաբարձր տնտեսական աճն է արձանագրվել․ սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

«Այն կազմել է 8.3 տոկոս: 2018 թ. առաջին 6 ամսվա մասով այս ցուցանիշը, երբ ճյուղային վերլուծության ենք ենթարկում, պարզ է դառնում, որ աճին ամենաշատը նպաստող հիմնական բլոկն առևտրի և ծառայությունների ոլորտն է՝ շուրջ 5.3 տոկոս: Շինարարությունն աճել է 8.9 տոկոսով, բայց նպաստման չափը 0.5 տոկոսային կետ է, որովհետև նրա տեսակարար կշիռն է տնտեսական աճի մեջ նախորդ ժամանակահատվածում փոքր եղել: Արդյունաբերությունը նպաստել է 1.4 տոկոսային կետով, գյուղատնտեսությունը՝ 0.5 տոկոսային կետով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Մինասյանը:

Ընդհանուր առմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հուլիս ամիսներին եղել է 9.3 տասներորդական տոկոս: «Ընդ որում, արդյունաբերությունն աճել է 4.3 տոկոսով, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 4.6 տոկոսով, շինարարության ծավալը՝ 10.4 տոկոսով, առևտրի շրջանառության ծավալը՝ 8.9 տոկոսով և ծառայությունների ծավալը, որն ամենամեծն է եղել՝ 18.7 տոկոսով»,- մանրամասնել է նախարարը։