18 սեպտեմբեր, 2018 08:56

Պահպանե՛ք հանգստություն և քվեարկե՛ք. երևանյան ընտրությունները և մենք

Ազատ ընտրությունը և պատասխանատվության բեռը

Երևանի ավագանու ընտրությունների պատճառով մեր համաքաղաքացիներից շատերը, կարծես, հայտնվել են լուրջ սթրեսի մեջ: Եվ դա միանգամայն նորմալ է: Ի վերջո, սրանք սովորական ընտրություններ չեն: Եվ խնդիրը միայն այն չէ, որ բնակչության քանակով Երևանը Հայաստանի մեկ երրորդն է, եթե հավատանք պաշտոնական տվյալների (և կեսն է, եթե չհավատանք), և այստեղ է կենտրոնացած  երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքը: Ավելին, խնդիրը միայն այն չէ, որ Երևանի քաղաքային ընտրությունները շատ կարևոր են երկրի ներքաղաքական կյանքի կոնտեքստում, քանի որ դրանք, ըստ էության, ԱԺ ընտրությունների նախերգանքն են:

Սթրեսի հիմնական պատճառն ըստ իս, այն է, որ մեր համաքաղաքացիները զգում են. վերջին տասնամյակների ընթացքում սրանք առաջին ընտրություններն են, որոնցում որոշողը իսկապես մենք ենք՝ շարքային ընտրողներս:

Այո՛, եթե չլինեն ինչ-որ անսպասելի զարգացումներ, Երևանի ավագանու ընտրությունները կլինեն 21-րդ դարի առաջին ազատ, ժողովրդավարական ընտրությունները Հայաստանում: Եվ սա ենթադրում է մեծ պատասխանատվություն․ չէ՞ որ նախորդ բոլոր ընտրությունների արդյունքը նախապես հայտնի էր: Ինչքան էլ ընդդիմությունը պնդեր, որ պայքարելու է իր ստացած քվեների համար, բոլորս էլ շատ լավ գիտեինք՝ անկախ նրանից, թե ով ինչպես կքվեարկի, հաղթելու է գործող իշխանությունը, և մեր ձայնից ոչինչ կախված չէ: Այսօր միանգամայն այլ իրավիճակ է: Ճիշտ է՝ այսօր էլ կա ակնհայտ առաջատար: Բայց ոչ ոք չի կարող միանշանակ կանխատեսել ընտրությունների արդյունքը, թե օրինակ քանի տոկոս կհավաքի առաջատարը, և ովքեր կլինեն մյուս ուժերը, որոնք կանցնեն ավագանի: Էլ չեմ ասում, որ որոշակի իրադարձությունների դեպքում առաջատարը ևս կարող է չհավաքել բավականաչափ ձայներ քաղաքապետ նշանակելու համար։ Այդ հնարավորությւոնը ևս բացառել չի կարելի: Եվ մենք բոլորս հասկանում ենք, որ հենց մենք ենք պատասխանատվություն կրում այդ ամենի համար, և պատասխանատվության բեռը ճնշում է մեզ:

Այո՛, հոգեբանորեն գուցե շատ ավելի հեշտ էր Սերժ Սարգսյանի օրոք. դու կարող էիր հանգիստ խղճով արտահայտել միջնամատ ցույց տալ պահի իշխանությանը և քվեարկել որևէ ընդդիմադիր թեկնածուի օգտին՝ շատ լավ հասկանալով, որ այդ մարդն ամենևին պատրաստ չէր լինելու քաղաքապետ, քանի որ գիտեիր, որ  քաղաքապետ դե ֆակտո արդեն իսկ նշանակված է մեկ այլ անձ: Կամ կարող էիր ոչ շատ հանգիստ խղճով վերցնել քո 10 000 դրամը՝ իմանալով, որ միևնույն է, եթե դու չվերցնես գումարը, քո փոխարեն մեկ այլ մարդ կվերցնի այն և կքվեարկի այնպես, ինչպես պետք է իշխող կուսակցությանը: Իսկ հիմա մենք հասկանում ենք, որ մեր ձայնն է վճռորոշ, և եթե մենք սխալ ընտրություն կատարենք, այլևս ոչ ոքի չենք կարող դրանում մեղադրել, բացի հենց մեզնից:

Ժողովրդավարական ընտրություններ և թուրքմենական ընտրություններ

Մեր համաքաղաքացիների սթրեսը թերևս մեկ այլ պատճառ ունի. այն է, որ նախընտրական քարոզչությունը բավական ագրեսիվ է: Թեկնածուները և նրանց կողմնակիցները միմյանց չեն խնայում, պայքարը սուր է և անզիջում, և տեղ-տեղ կարծես թե վերածվում է առանց կանոնների մենամարտի: Իհարկե գուցե սա ինչ-որ առումով տհաճ տեսարան է, բայց սա էլ միանգամայն նորմալ է: Այո՛, ժողովրդավարական, մրցակցային ընտրություններն այդպիսին են: Եթե չեք հավատում, վերհիշեք, օրինակ, ԱՄՆ նախագահական վերջին ընտրությունները, կամ էլ Բրեքսիթի հանրաքվեն Մեծ Բրիտանիայում: Կամ էլ նախորդ նախագահական ընտրությունները ԱՄՆ-ում և Շոտլանդիայի անկախության հարցով հանրաքվեն: Կամ էլ Ֆրանսիայի վերջին և նախորդ նախագահական ընտրությունները: Մի խոսքով՝ գրեթե ցանկացած ընտրություն գրեթե ցանկացած ժողորվրդավարական երկրում: Գուցե կան եվրոպական որոշ փոքր երկրներ, որոնք ունեն հարուստ ժողովրդավարական ավանդույթներ, օրինակ՝ Հյուսիսային Եվրոպայում, որտեղ ընտրությունները համեմատաբար ավելի հանգիստ են անցնում, բայց անգամ դրանում ես այնքան համոզված չեմ. համենայն դեպս վերջին տարիներին այնտեղ էլ է բավական սուր պայքար ծավալվում:

Մի խոսքով, իմացե՛ք, ժողովրդավարական, մրցակցային ընտրությունները նշանակում են սուր, անզիջում, երբեմն նաև տգեղ պայքար: Սրա այլընտրանքն է ավտորիտար համակարգը, որտեղ ընտրությունները ոչինչ չեն որոշում, որտեղ գործող իշխանությունն ինքն իրեն հայտարարում է հաղթող, իսկ նրա մրցակիցներին կա՛մ թույլ չեն տալիս մասնակցել ընտրությանը, կա՛մ էլ անում են այնպես, որ նրանք գործնականում շանս չունենան հաղթելու: Այլ կերպ ասած, թուրքմենական մոդել: Մենք ունեինք շանս մեր երկրում գնալու այդ ճանապարհով այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը պատրաստվում էր հավերժացնել իր իշխանությունը՝ դառնալով վարչապետ: Բայց հայաստանցիների մեծամասնությունը միանշանակ մերժեց զարգացման թուրքմենական մոդելը:

Դե ուրեմն, հիմա պետք չէ զարմանալ, երբ որոշ թեկնածուներ իրար չափազանց կոշտ են քննադատում կամ երբ որոշ թեկնածուների նախընտրական հոլովակներում պաթոսի չափաբաժինն այնքան է, որ գրեթե ֆիզիակական ցավ է պատճառում դիտողին: Այո, դա այնքան էլ հաճելի չէ, բայց դա ընդամենը ցույց է տալիս, որ կա իրական մրցակցություն: Իսկ եթե հիշենք, որ ի վերջո քաղաքական ուժերն այդ ամենն անում են հանուն մեր սրտերը գրավելու և մեր ձայնը ստանալու, կարծում եմ, ինչ-որ առումով կարող ենք մեզ շոյված զգալ:

Ինչպես կատարել ընտրությունը

Իսկ ի՞նչ անել: Ոչ մի առանձնահատուկ բան: Ընդամենը հետևել այս ամենին և կատարել մեր ընտրությունը: Եվ, կարծում եմ, ընտրությունը կատարելիս, պետք է երկու բան հաշվի առնել:

Առաջին, մենք ընտրում ենք եղած թեկնածուների և կուսակցությունների միջև: Այո՛, նրանք բոլորն էլ իդեալական չեն, բոլորն էլ սխալներ են անում, բոլորն էլ որոշ հարցերի չեն անդրադառնում, բոլորն էլ տարօրինակ մարդիկ ունեն ցուցակում: Ոմանք էլ երբեմն բացահայտ հիմարություններ են ասում: Սակայն մենք պետք է կողմնորոշվենք և նրանց մեջից ընտրենք եղածներից լավագույնին կամ, եթե կուզեք, նվազ վատագույնին: Բացի այդ պետք է հաշվի առնել այս կամ այն կուսակցության կամ թեկնածուի շանսերը: Օրինակ, որևէ կուսակցության ցուցակում կարող են լինել  հիանալի մարդիկ, բայց մենք գիտենք, որ այդ կուսակցության շանսերը՝ անցնել ավագանի, գրեթե զրոյական են: Եվ մենք պետք է մտածենք՝ արդյոք արժե՞ քվեարկել այդ ցուցակին, թե մեկ այլ ցուցակի, որն իրական շանսեր ունի մտնել ավագանի:

Երկրորդ, Երևանի ընտրությունն ունի համապետական նշանակություն: Նրանից, թե որ կուսակցությունն ինչքան ձայն կհավաքի, կախված է շատ բան երկրի  ճակատագրում: Օրինակ, այս ընտրություններում կուսակցությունների հավաքած ձայներից է կախված, թե երբ կլինեն ԱԺ ընտրությունները, քաղաքական որ ուժերը կամ գործիչները հայտ կներկայացնեն մասնակցելու այդ ընտրություններին, ինչպիսի կոալիցիաներ կստեղծվեն կամ կկազմալուծվեն այդ ընտրություններից առաջ և այլն, և այլն: Այս ամենը ևս պետք է հաշվի առնել ձեր որոշումը կայացնելիս:

Ահա այսպիսի հսկայական պատասխանատվություն է դրված մեզ՝ հասարակ քաղաքացիներիս վրա: Այնպես որ, մեր սթրեսը միանգամայն հասկանալի է և բնական: Բայց եկեք չանհանգստանանք, ընտրությունները կանցնեն, և ամեն ինչ կհանդարտվի: Համենայն դեպս, մինչև ԱԺ ընտրություններ: Իսկ այժմ մեզ մնում է միայն կայացնել որոշում և քվեարկել այնպես, ինչպես ճիշտ ենք համարում:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: