20 սեպտեմբեր, 2018 14:14

Գազալցակայաններում գործող վիճակախաղի սարքերը պետք է հանվեն. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստին՝ «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ խաղատների և գազալցակայաններում գործող վիճակախաղի սարքերի խնդրին, որը, նրա համոզմամբ, պետք է հստակ լուծել։

«Մենք այդ խնդիրը պետք է լուծենք ու այնպես, որ չստացվի, թե հավասարակշռված լուծում չենք տալիս, միանշանակ է, որ գազալցակայանում գործող այդ անհասկանալի սարքերը [վիճակախաղի - ՍիվիլՆեթ], մեծ պրոբլեմներ են առաջացնում, ու դրանք պետք է ուղղակի հանվեն»,- ասաց վարչապետը։

Գործադիրի ղեկավարը գտնում է, որ կառավարությունը պետք է փոխի իր տնտեսական քաղաքականությունն այս ուղղությամբ. «Եկեք նայենք մեր տնտեսական աճի ցուցանիշներին, դրանց մեջ այդ խաղային ավտոմատները դարձել են մեր տնտեսության առաջատար ճյուղը, սա աբսուրդ է ընդհանրապես, մեր քաղաքականությունը պետք է լինի տրամաբանությունը փոխելը։ Մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից, կներեք արտահայտությանս համար, «ղումարբազությունն» է խրախուսվում։ Մենք պետք է այնպիսի քաղաքականություն տանենք, որ ոչ մեկը խրախուսենք, ոչ էլ՝ մյուսը։ Սա շատ լուրջ պրոբլեմ է»։

Նա նաև հայտնեց, որ Հայաստանի ամեն բնակավայրում այս խնդիրը բարձրացվել է։

«Մենք պայմանավորվել ենք, որ տնտեսության այն կառուցվածքը, որ մենք ունենք, պետք է փոխենք։ Այսօր մեր տնտեսությունը ագրարային, ընդ որում ոչ ինտենսիվ գյուղատնտեսությունն է, երկրորդը՝ մոլախաղերը և երրորդը ընդերքի արտահանումը։ Մենք պետք է գնանք շատ լուրջ քայլերի, որ փոխենք այս համակարգը»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Տեղեկանք

2017-ին «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» տողը կազմել է ՀՆԱ-ի 5,3%-ը։ Համեմատության համար` նույն տարում «Հանքագործական արդյունաբերություն և բացհանքերի շահագործում» տողը կազմել է ՀՆԱ-ի 3,2%-ը։
2018-ի առաջին եռամսյակում «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» տողը կազմել է ՀՆԱ-ի 5,7%-ը։