24 սեպտեմբեր, 2018 08:10

Ով հաղթեց և ով պարտվեց Երևանի ընտրություններում

Միքայել Զոլյան

Եվ այսպիսով, ավարտվեցին Երևանի ընտրությունները: Փորձեմ ներկայացնել առաջին տպավորություններս ընտրությունների կապակցությամբ: Բայց նախ մասնակցության մասին: Դեռ վերջնական թվերը չկան, բայց, կարծես, անկհայտ է, որ մասնակցությունն առնվազն ավելի ցածր չէ, և անգամ մի քանի տոկոսով ավելի բարձր է, քան անցյալ տարի: Եվ սա այն պայմաններում, երբ մարդիկ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, քվեարկել են «անվճար»: Արդեն իսկ շատ խոսվել է այն մասին, որ նախորդ ընտրություններում մասնակցությունն ուռճացվել կամ խթանվել է տարբեր ապօրինի մեթոդներով: Բացի այդ, կա ընտրացուցակների և Երևանի իրական բնակչության համապատասխանության խնդիր: Գաղտնիք չէ, որ շատ երևանցիներ մշտական կամ սեզոնային բնակվում են արտերկրում, բայց գրանցված են Երևանում, շատերն էլ ապրում են Երևանում, բայց ունեն Հայաստանի այլ վայրերի գրանցում: Այնպես որ, ընտրության արդյունքները բավականին ներկայացուցչկական են և հնարավորություններ են տալիս հետևություններ անել հանրության տրամադրությունների մասին:

Իսկ այժմ անցնենք հաղթողներին և պարտվողներին: Եվ այսպես:

1. Իհարկե, Երևանի ընտրության կարևորագույն արդյունքն է Իմ Քայլը դաշինքի ջախջախիչ հաղթանակը: Ըստ էության, տեղի ունեցածը հանրաքվե էր այն հարցի շուրջ՝ շաորւնակել, թե չշարունակել հեղափոխությունը, և ընտրողը տվեց միանշանակ պատասխան: Իհարկե, Իմ Քայլի համար էլ այս բարձր տոկոսը ինչ-որ առումով նաև դժվարություններ է ստեղծում, քանի որ այժմ նրանք պետք է փորձեն պահել այդ տոկոսը մինչև ԱԺ ընտրություններ, մինչդեռ ակնհայտ է, որ այժմ սկսվելու են բազմաթիվ բարդություններ, այդ թվում Երևանի կառավարման առումով: Այժմ Երևանին սպասվում է անցումնային շրջան, որի ընթացքում անխուսափելի են խառնաշփոթը և սխալները, որոնք արդեն կվերագրվեն Մարությանին և նրա թիմին, և բնականաբար կօգտագործվեն նրանց մրցակիցների կողմից: Սակայն, ընդհանուր առմամբ, հենց այս ընտրությունը ցույց տվեց, որ Փաշինյանի ղեկավարած ուժն ունի վստահության այնպիսի հսկայական պաշար, որը դեռ երկար կծառայի իրեն: Ընտրության արդյունքը կարևոր էր նաև արտաքին աշխարհի համար, քանի որ ցույց տվեց, որ նոր իշխանությունն ունի հանրության անվերապահ աջակցությունը: Մինչ այսօր, կարծում եմ, մեր երկրի որոշ գործընկերների մոտ, մասնավորապես Մոսկվայում, կային կասկածներ Հայաստանի նոր իշխանության ժողովրդականության վերաբեյալ, և չէր բացառվում այլ ուժերի վրա խաղադրույք կատարելու տարբերակը: Այժմ, կարծում եմ, հավանական է, որ այս մարտավարությունը կվերանայվի, համենայն դեպս, եթե այնտեղ հետևում են իրադարձություններին և ադեկվատ են գնահատում իրավիճակը:

2․ Երկրորդ և երրորդ տեղ գրաված ուժերի՝ ԲՀԿ և Լույսի համար, այս ընտրությունները ևս բավական հաջող անցան: Գուցե նրանք ունեին ավելի բարձր հավակնություններ, բայց եղած արդյունքն էլ վատը չէ: Ընդ որում, այս երկու ուժերի ոչ վատ արդյունքը ձեռնտու է նաև Փաշինյանի ղեկավարած քաղաքական թիմին: Քանի դեռ ԲՀԿ-ն և Լույսը կենթադրեն, որ նաև ԱԺ ընտրություններում կարող են հաղթահարել անցողիկ շեմը, նրանք չեն ունենա լուրջ պատճառներ դիմադրելու ԱԺ ցրմանը և արտահերթ ընտրություններին: Այս առումով, կարծում եմ, նրանց շահերի որոշակի համընկնումը ՀՀԿ-ի հետ, որը նկատելի էր ընտրությունների օրերին, ժամանակավոր բնույթ ուներ, և այժմ մենք կտեսնենք, թե ինչպես են այդ ուժերը կրկին փորձում վերադառնալ այսպես ասած «հեղափոխական ճամբար»: Իհարկե, սա հնարավոր սցենարցներից մեկն է, և մենք չենք կարող բացառել, որ կան նաև այլ, չերևացող գործոններ, որոնք կարող են ազդել նրանց դիրքորոշման վրա: Համենայն դեպս, ԲՀԿ-ն և Լույսը շահած դուրս եկան այս ընտրություններից: Բացի այդ, կարծում եմ, սա դրական արդյունք էր անձամբ Արտակ Զեյնալլանի համար, ով թերևս ապագայում բավական լուրջ պոտենցիալ ունի որպես քաղաքական գործիչ:

3. Ակնհայտ է, որ ամենաշատ կորցնողն այս ընտրության մեջ ՀՀԿ-ն էր, որը չմասնակցեց: Սակայն, եթե մասնակցեր, կարծում եմ, էլ ավելի շատ կկորցներ: ՀՀԿ-ն չուներ լավ տարբերակներ, և պետք է ընտրեր վատի և շատ վատի միջև: Այնպես որ, սա թերևս օպտիմալ որոշում էր ՀՀԿ-ի համար, քանի որ մասնակցության դեպքում նրա տոկոսները կարող էին պարզապես չնչին լինել: Այժմ, ՀՀԿ-ն իր համար թողել է հնարավորություն  բերելու այն փաստարկը, թե նա շարունակում է վայելել այն մարդկանց վստահությունը, ովքեր մնոացին տանը: Իհարկե, սա թույլ փաստարկ է, բայց թույլ փաստարկն ավելի լավ է, քան փաստարկների բացակայությունը: ՀՀԿ-ի համար ևս անհանգստացնող պետք է լինի այն, որ ընտրույթունը ցույց տվեց, որ ՀՀԿ անդամների ելույթները գրեթե ոչ մի ազդեցություն չեն թողնում ՔՊ վարկանիշի վրա:

Ավելին, չեմ բացառում, որ Շարմազանովի և Աշոտյանի ելույթները, ընդհակառակը, ինչ-որ չափով ավելացրին թե՛ Իմ Քայլ դաշինքին տրված ձայները, թե՛ մասնակցությունՆ ընտրություններին: Ի դեպ, ենթադրում եմ, նույն արդյունքն ունեցան Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները, ով նախընտրական օրերին գրեթե օր ու մեջ հանդես էր գալիս հարցազրույցներով: Ավելին, կարծում եմ, Լույսի համեմատաբար ցածր տոկոսը հենց նրա արդյունքն է, որ վերջին օրերին ստեղծվել էր տպավորություն, որ նախկին իշխանության որոշ շրջանակներ աջակցում են հենց Լույսին: Նախկին իշխանության ներկայացուցիչները, եթե ուզում են պահպանել գոնե մինիմալ դիրքեր քաղաքական համակարգում, պետք է հետևություններ անեն այս ամենից:

4. Ընտրություններին մասնակցած կառավարության մեջ ներկայացված ուժերից  ամենաանհաջողը հանդես եկավ ՀՅԴ-ն: Եվ սա այն պայմանններում, երբ, ի տարբերություն մյուս կուսակցությունների, որոնց մեջ շատ են այսպես ասած մեկ մարդու կուսակցությունները, ՀՅԴ-ն ունի ինստիտուցիոնալ լուրջ կարողություն, պատմական ժառանգություն, Սփյուռքում մեծ աջակցություն: Բայց ցավոք, այդ արդյունքը ՀՅԴ հայաստանյան կառույցի ղեկավարության վերջին 20 տարվա գործունեության բնական և միանգամայն կանխատեսելի արդյունքն էր: Հուսով եմ՝ այս անհաջողությունը կօգնի ՀՅԴ-ին հասկանալ, որ այսօր կուսակցությունը կարիք ունի սկզբունքային փոփոխություների, եթե կուզեք,  ներքին հեղափոխության: Եթե այդ հեղափոխությունը տեղի ունենա, ՀՅԴ-ն ընտրողներին կներկայանա որպես այլ՝ դինամիկ, ժամանակակից, առաջադեմ կուսակցություն, ոչ թե բառացիորեն անցյալ դարում մնացած կառույց: Այլապես կհայտնվեն այլ ուժեր, որոնք կգրավեն քաղաքական դաշտի այն բևեռը, որի հանդեպ հավակնություն ունի ՀՅԴ-ն:

5. Ընտրություններին մասնակցած մյուս ուժերի վերաբերյալ այս պահին կասեմ ընդամենը մի բան: Կարծում եմ՝ նրանք ամեն դեպքում արժանի են հարգանքի ընտրապայքարին մասնակցելու համար: Եվ նրանց ստացած ցածր տոկոսները չպետք է դառնան ծաղրի առիթ: Ի վերջո, քաղաքական պայքարը հենց դա է: Դու պետք է պատրաստ լինես մտնել պայքարի մեջ անգամ այն իրավիճակում, երբ հաղթանակի շանսերը մոտենում են զրոյի, և սա միանգամայն նորմալ է ժողովրդավարական քաղաքական գործչի համար: Իհարկե, եթե խոսքը Օրինաց երկիր կուսակցության մասին չէ: Այդ քաղաքական ուժի որոշումը՝ մասնակցել այս ընտրություններին, ինձ համար հանելուկ է մնում:

Եվ վերջապես, ընտրության մեծագույն արդյունքը թերևս այն էր, որ մենք համոզվեցինք՝ Հայաստանի քաղաքացին ընդունակ է ունենալու նորմալ, ժողովրդավարական, անգամ մի քիչ անհետաքրքիր, մի խոսքով միանգամայն եվրոպական չափանիշներին համապատասխանող ընտրություն: Չկային հայաստանյան ընտրություների ավանդական հատկանիշ դարձած ընտրատեղամասերի դիմաց մգացրած ապակիներով կայանած մեքենաները և սպորտային կազմվածքով  երիտասադրները: Առավել ևս, ընտրության օրը ընտրատեղամասերի ներսում մարդիկ միմյանց վրա չէին բղավում, միմյանց չէին քաշքշում, միմյանց չէին ծեծում:

Մենք համոզվեցինք, որ այս ամենի պատճառն ամենևին այն չէր, որ հայաստանցիները, ինչպես պնդում էին ոմանք, պատրաստ չեն քաղաքակիրթ ընտրության: Այս ամենն ուներ հստակ կազմակերպիչներ, և հենց այդ կազմակերպիչները չեզոքացվեցին, մենք համոզվեցինք, որ հայաստանցին առնվազն նույնքան քաղաքակիրթ է, նույնքան ընդունակ է կատարել գիտակցված ընտրություն, որքան ցանկացած այլ ժողովրդավարական երկրի քաղաքացի: Եվ սա մեր բոլորիս փայլուն հաղթանակն է:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: