2 հոկտեմբեր, 2018 19:45

LIVE blog. Ցույց Ազգային ժողովի մոտ

Ազգային ժողովի ՀՀԿ, Ծառուկյան և ՀՅԴ խմբակցություններն այսօր երեկոյան արտահերթ նիստում հրատապ կարգով ընդունեցին «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում» փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և վերջանականապես։ Առաջին ընթերցմամբ այս դրույթը ամրագրված չէր նախագծում։ Միայն երեկ երեկոյան ներկայացվել է նոր առաջարկ ու հրատապ կարգով այսօր այն ընդունվեց։ Քվեարկությունը տեղի ունեցավ առանց ուղիղ հեռարձակման, լրագրողների մուտքը փակ էր նիստին։ Դեմ քվեարկեց միայն ԵԼՔ խմբակցությունը։ Օրենքի փոփոխությամբ՝ խորհրդարանական երեք ուժերը ցանկանում են կանխել արտահերթ ընտրությունների անցկացումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց արտահայտելու իրենց բողոքը խորհրդարանի ընդունած օրենքի դեմ։

ՍիվիլՆեթը իրադարձությունները լուսաբանում է ուղիղ տեքստային թարմացումներով՝ հակադարձ ժամանակագրությամբ։

Հոկտեմբերի 3

01:39

Բուռն ծափահարություններով հարգում են Շառլ Ազնավուրի հիշատակը:

01:05

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում զերծ մնալ անձնական վիրավորանքներից որևէ մեկի հանդեպ՝ որ կուսակցությունից էլ լինի: Պատմում է Արա Բաբլոյանի սենյակում տեղի ունեցած հանդիպման մասին, ուժերը պայմանավորվել են, որ ճգնաժամը հաղթահարվի:

Տարբերակներից մեկը՝ առաջիկա օրերին հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից: Եվ եթե ուժերից մեկը վարչապետի թեկնածու առաջադրի և ընտրի, դա մարդկանց մոտ կառաջացնի վատ արձագանք՝ մեղմ ասած:

Ստորագրվի փաստաթուղթ, որով երկու անգամ վարչապետի ընտրություն տեղի չի ունենա, և արդյունքում կլինեն արտահերթ ընտրություններ:

Քաղաքական երեք ուժերը հարգանքով են վերաբերվում ժողովրդի ուղերձին և չեն պատրաստվում ոչ առաջին, ոչ էլ երկրորդ անգամ առաջադրել վարչապետի թեկնածու:

Փաշինյանի խոսքով՝ կա ճգնաժամ, որը պետք է հանգուցալուծվի և մեկ տարբերակ կա՝ դա ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն է:

Արտահերթ ընտրությունները համազգային, քաղաքացիական պահանջ է:

Կարող են անցկացվել նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում:

00:25

Ազգային ժողովի բակում ելույթ է ունենում Երևանի ընտրված քաղաքապետ Հայկ Մարությանը:

00:00

ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը, որը դուրս էր եկել Հանրապետական խմբակցությունից, գրառում է արել.

Հոկտեմբերի 2

23:38

Նիկոլ Փաշինյանի դռնփակ բանակցությունները ՀՀԿ-ի հետ շարունակվում են։ Նա բանակցում է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ։ Հազարավոր քաղաքացիներ նրան սպասում են դռների այս կողմում և խորհրդարանի շենքի բակում։

22։49

Նիկոլ Փաշինյփանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմում է քաղաքացիներին՝ հորդորելով պատգամավորներին թողնել հեռանալ տարածքից։ «Սա սիրո և համերաշխության հեղափոխություն է, որևէ մեկի անձնական արժանապատվությունը, էլ չեմ ասում ֆիզիկական անվտանգությունը չի կարող վտանգվել»։ 

22:46

Փաշինյանը Ազգային ժողովի ներսում է, բանակցում է քաղաքական ուժերի հետ։ Քաղաքացիները բակում սպասում են նրան, սինխրոն ծափ են տալիս, վանկարկում են՝ Նիկոլ, Նիկոլ։

22։22

ՍիվիլՆեթի հետ զրույցում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ասաց, որ այս խորհրդարանը օր առաջ, րոպե առաջ պետք է հեռանա։

22։15

Քաղաքացիները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մտել են ԱԺ տարածք։ Փաշինյանը հայտարարեց, որ գնում է բանակցելու քաղաքական ուժերի հետ։ 

22։00

Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց Հանրապետության նախագահին չստորագրել ԱԺ Կանոնակարգ օրենքի փոփոխությունները։ Նախագահը կարող է այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ օրենքի սահմանադրականությունը վիճարկելու համար։ 

Տե՛ս նաև՝ Ինչ է պետք իմանալ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի փոփոխության մասին

21:52

Նիկոլ Փաշինյանը հավաքվածների ներկայությամբ ստորագրում է ՀՅԴ-ական և ԲՀԿ-ական նախարարներին աշխատանքից ազատման հրամանները, կառավարության նիստին կընդունվի այդ կուսակցությունների ներկայացուցիչ հանդիսացող մարզպետների աշխատանքից ազատման որոշում:

21:50

Ելույթ է ունենում Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը, ողջունում է երևանցիներին ու հայաստանցիներին:

21:48

Արտահերթ ընտրություններ կունենանք նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին. Նիկոլ Փաշինյան

21:44

Այս խորհրդարանը մերժված է հայ ժողովրդի կողմից. Նիկոլ Փաշինյան

21:40

Այս խորհրդարանը չի ներկայացնում ժողովրդին և պետք է լուծարվի. Նիկոլ Փաշինյան

21:30

Դաշնակցությունը իր ներկայացուցիչներին ետ է կանչում ՀՀ կառավարությունից

21:24

Բաղրամյան պողոտան բազմամարդ է։ Մարդիկ շրջափակել են Ազգային ժողովի շենքը, պատգամավորները չեն կարողանում դուրս գալ այնտեղից:

21:10

Մի քանի տասնյակ հազար մարդ հավաքված է և մի քանի տասնյակ հազար մարդ ճանապարհին է. Նիկոլ Փաշինյան

20:55

Այդ քվեարկությամբ հանրապետական կուսակցությունը և աջակցող ուժերը պաշտոնապես հայտարարել են հակահեղափոխություն: Կարծում եմ՝ բոլորս տեսնում ենք, որ նրանց մոտ դա չի ստացվի: Հանրապետականը պետք է արմատախիլ արվի: Նաև այն ուժերը, որոնք աջակցել են հակահեղափոխությանը: Նիկոլ Փաշինյան

20:50

Նիկոլ Փաշինյանը սպասում է բարձրախոսներին, սկսում է ելույթը:

20:45

Հավաքված քաղաքացիները ծափահարում են և վանկարկում՝ Նիկոլ, Նիկոլ:

20:30

Ազգային ժողովին հարակից տարածքում շարունակում են հավաքվել մարդիկ, սպասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:

20:20

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրառումը: Կոչ է անում բոլորին գնալ ԱԺ:

20:12

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել: 

 

20:02

Ազգային ժողովն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունել է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

19:56

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում է:

 19:48

Այս պահին ԱԺ-ում տեղի է ունենում քվեարկություն և լարված իրավիճակ է: