10 հոկտեմբեր, 2018 22:01

«Թավշյա» խորհրդարան. ովքեր են լինելու նոր Ազգային ժողովի ուժերը

Դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Թավշյա հեղափոխությունից հետո սրանք երկրորդ ընտրություններն են և ինչպես սեպտեմբերի 23-ին կայացած
Երևանի ավագանու ընտրություններում, այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր»
կուսակցությունը բացահայտ առավելությամբ հաղթանակ է տանելու:

Ինչպես ավագանու դեպքում, դեկտեմբերյան ընտրությունները չեն կեղծվելու, ընտրակաշառք չի բաժանվելու: 1990
թվականի խորհրդարանական և 1991-ի նախագահական ընտրություններից հետո դրանք լինելու են ընտրություններ,
որոնց օրինականությունը և արդարությունը կասկածի տակ չի դրվելու բնակչության մեծամասնության կողմից:
Յուրաքանչյուր հեղափոխություն ունի իր տրամաբանությունը: Գրեթե հնարավոր չէ մի իրավիճակ, երբ
հեղափոխություն իրականացնող հիմնական ուժը չհաղթի ընտրություններում:

Ովքե՞ր են լինելու նոր խորհրդարանում ներկայացված հիմնական ուժերը:

Անկասկած, «Քաղաքացիական պայմանագիրը», որ կարող է հանդես գալ դաշինքով և այլ անունով, ինչպես ավագանու
ընտրություններում՝ «Իմ քայլը», հաղթելու է քվեների մեծամասնությամբ: Այդ հաղթանակը Նիկոլ Փաշինյանին
հնարավորություն է տալու կազմել միակուսակցական կառավարություն:

Ցանկալի կլիներ, եթե Փաշինյանը զերծ մնար կոալիցիոն, ազգային կամ այլ անունով կառավարություններից:
Քաղաքականությունը ունի տրամաբանություն և կանոններ. երբ ընտրությունների արդյունքերը թույլ են տալիս
կազմավորել միակուսակցական կառավարություն, ապա այդպես էլ պետք է անել: Այսինքն, մեծամասնություն ես
կազմում խորհրդարանում, ձևավորում ես կառավարություն և ստանձնում ամբողջական պատասխանատվություն:

Առաջին անգամ Հայաստանում կոալիցիոն կառավարություն ձևավորվել է 2002 թվականի կեղծված խորհրդարանական
ընտրություններից հետո: Հետագա խորհրդարանական ընտրություններից հետո էլ, որոնց ընթացքում տեղ են գտել
համատարած կեղծիքներ ու ընտրողների կաշառում, ՀՀԿ-ն ցանկություն է հայտնել կոալիցիա կազմել «Բարգավաճ Հայաստան»-ի կամ Հայ հեղափոխական դաշնակցության հետ: Այս կոալիցիաները եղել են արհեստական, քանի որ ՀՀԿ-ն միայնակ կարող էր ձևավորել կառավարություն:

Դեկտեմբերին սպասվող ընտրություններում խորհրդարան անցնելու շեմը հավանաբար կկարողանա հաղթահարել նաև
ԲՀԿ-ն: Ավագանու ընտրություններում օլիգարխ Գագիկ Ծառուկյանի հիմնադրած ուժը ստացավ 7 տոկոս քվե: Անցնող
շաբաթներին ԲՀԿ-ն անուղղակի սիրախաղերի մեջ էր ՀՀԿ-ի հետ, միացավ վերջինիս նախաձեռնած քվեարկությանը ԱԺ-
ում, ապա Ծառուկյանը ստիպված հուշագիր ստորագրեց Նիկոլ Փաշինյանի հետ: Այս ամենը, անկասկած, ավելի
հեղինակազրկեց կուսակցությունը: Դեկտեմբերյան ընտրություններում ԲՀԿ-ին թույլ չի տրվելու նախընտրական
բարեգործություններ անել, թույլ չի տրվելու կաշառել ընտրողներին: Այդուհանդերձ, ԲՀԿ-ն հավանաբար կկարողանա
ներկայացված լինել նոր՝ հետհեղափոխական ԱԺ-ում:

Եթե ավագանու ընտրությունների արդյունքները վերցնենք մեկնակետ, ապա նոր խորհրդարան անցնելու
հնարավորություն կունենա նաև Ելք-ից անջատված «Լուսավոր Հայաստան»-«Հանրապետություն» կուսակցությունների դաշինքը:

Մյուս կուսակցությունները, եթե, անշուշտ, չձևավորեն տրամաբանական դաշինքներ, ապա դժվար թե հաղթահարեն
խորհրդարան անցնելու շեմը:

ՀՀԿ-ն, որը ունի համապետական և տեղական ընտրությունները կեղծելու հարուստ անցյալ, դեկտեմբերյան
ընտրություններում, եթե մասնակցի, դժվար թե կարողանա ստանալ խորհրդարան անցնելու քվեներ: Ապրիլյան
հեղափոխությունից հետո նրանք ունեին արժանապատիվ կերպով հեռանալու, կուսակցական շարքերը մաքրելու և կրկին վերադառնալու հնարավորություններ, սակայն Սերժ Սարգսյանի մնալը կուսակցության ղեկավարի պաշտոնում, ՀՀԿ-ի անվերապահ աջակցությունը Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև այս կուսակցության հակահեղափոխական շարժումներն ու իրավիճակի ոչ ճիշտ գնահատումը ամբողջովին վարկաբեկեցին նրան:

Դժվար կացության մեջ է նաև ՀՅԴ-ն, որը, թեև խոսքով աջակցեց Թավշյա հեղափոխությանը, մաս կազմեց Նիկոլ
Փաշինյանի կառավարությանը, սակայն նախորդ հինգ ամիսների ընթացքում թույլ տվեց մարտավարական սխալներ,
ինչպես Ռոբերտ Քոչարյանին աջակցության պահն էր կամ ՀՀԿ-ին միանալը խորհրդարանական վերջին քվեարկության
ընթացքում:

ՀՅԴ-ն ավագանու ընտրություններում ստացավ քվեների 1.5 տոկոսից քիչ ավելին, ինչը ամենացածր արդյունքն է
կուսակցության՝ ընտրությունների մասնակցության պատմության ընթացքում: Սրա պատճառը, անշուշտ, միայն ՀՅԴ-ի,
ավելի ճիշտ՝ Հայաստանի ՀՅԴ-ի հեղինակության անկումը չէ, այլ հետհեղափոխական վիճակը՝ էյֆորիան, Նիկոլ
Փաշինյանի չափազանց բարձր վարկանիշը:

Դեկտեմբերյան ընտրություններում ՀՅԴ-ին դժվար թե հաջողվի անցնել խորհրդարան: Հավանաբար արդարացված
կլինի, եթե այս կուսակցությունը, որ նաև Սփյուռքում գործող ամենացանցային և տարածում ունեցող միավորումն է,
բաց թողնի գալիք ընտրությունները, զբաղվի կուսակցական սերնդափոխությամբ և նախապատրաստվի հաջորդ
ընտրություններին:

Ավագանու ընտրություններում մոտ 1.5 տոկոս ստացած «Օրինաց երկիրը» և «Երկիր Ծիրանի»-ն ևս չեն կարողանա հաղթահարել անցողիկ շեմը:

Մինչև դեկտեմբեր քիչ ժամանակ է մնացել և այդ ընթացքում քաղաքական ուժերը դժվար թե հասցնեն ձևավորել
դաշինքներ: