10 հոկտեմբեր, 2018 22:19

Ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ը․ Նիկոլ Փաշինյան

Ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածը, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ Հեռուստաալիքը տարածել է հարցազրույցի ձայնագրության մի հատված։

Փաշինյանը նշում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 10-ին մոտ։

Նա անդրադառնում է նաև Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին և գագաթաժողովին, Շառլ Ազնավուրի մահվանը, Թավշյա հեղափոխությանը և Ղարաբաղի խնդրին։

Փաշինյանը, ըստ France 24-ի տարածած հաղորդագրության, Ադրբեջանին մեղադրել է էթնիկ զտման քաղաքականություն վարելու համար։ Ինչ վերաբերում է Հայաստանում գտնվող ռուսական ռազմակայանին, Հայաստանի վարչապետը չի ընդունում, որ այն Հայաստանի ինքնիշխանության համար որևէ սպառնալիք է ներկայացնում։

***

Ըստ Հայաստանի Սահմանադրության՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար հարկավոր է, որ վարչապետի հրաժարականից հետո Ազգային ժողովը երկու անգամ չառաջադրի և չընտրի վարչապետի թեկնածու, ինչից հետո օրենսդիր մարմինը ցրվում է օրենքի ուժով, և նշանակվում են արտահերթ ընտրություններ։