24 հոկտեմբեր, 2018 11:22

Սյունիքում հեղափոխություն տեղի չի ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ մարզում կան տնտեսական և քրեական ուժեր. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում անդրադարձավ Կապանում կիրակի տեղի ունեցած ընտրություններին, որտեղ քաղաքապետ է ընտրվել ոչ թե Քաղաքացիական պայմանագիր կուսակցության իր աջակցությունը ստացած թեկնածուն, այլ անկուսակցական անձը։

Ըստ նրա՝ այս ընտրությունում ոչ իշխող ուժի հաղթնակը հույս տվեց Հանրապետական խմբակցությանը բոյկոտել Ընտրական օրենսգրքի փոփոխությունը.

«ՀՀԿ-ի շրաջանակներում հույս ծագեց, որ «ռեյտինգային» համակարգը նրանց հնարավորություն կտա խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթանակի հասնել։ Պատճառը պետք է ուղիղ կապել Կապանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների հետ»։

Ըստ Փաշինյանի՝ Կապանում տեղի է ունեցել հետևյալը՝ հին ընտրական համակարգը, հին ընտրական մշակույթը Սյունիքի մարզում դեռ կենսունակության նշույլներ է ցույց տալիս.

«Սյունիքի գործող քրեական, քաղաքական և տնտեսական էլիտան կարողացել է կոնսոլիդացիա ապահովել ու մարդկանց որոշակի հատվածի՝ հին մոդելների մոդիֆիկացված ձևերով ուղղորդել որոշակի քվեարկության ու հասնել ցանկալի արդյունքների։ Հանրապետականները հույս ունեն, որ առաջիկա ընտրություններին նրանց կհաջողվի գործարկել կապանյան մոդելը»։

Վարչապետի թեկնածուն ասաց, որ լրագրողները ճիշտ են, երբ Կապանի ընտրություններին հատուկ ուշադրություն են դարձնում, սակայն սխալ են, երբ տեղի ուենցածը կապում են Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելու հետ.

«Սյունիքում հեղափոխություն տեղի չի ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ մարզում կան տնտեսական և քրեական ուժեր, ովքեր մտածում են, թե իրենք ավելի հզոր են, քան ժողովրդի իշխանությունը»։

Նա պնդեց՝ Սյունիքում պետք է հաստատվի ժողովրդի իշխանությունը, ու սա, ըստ Փաշինյանի, ազգային անվտանգության հարց է.

«Այս խնդիրը կկարողանա լուծել կառավարման մեծ փորձ, քաղաքական հին համակարգի կառավարման բոլոր մանրամասներին ծանոթ մասնագետ։ Սա այն դեպքն է, երբ սեպը սեպով պետք է հանել։ Սա էր Հունան Պողոսյանին նշանակելու պատճառը»։

«Այս ամենի ֆոնին բնական հարց կծագի, թե ինչու մենք ընդունեցինք Կապանի քաղաքապետի ընտրություններն ու դա համարեցինք ժողովրդավարության հաղթանակ,- ասաց Փաշինյանը և հավելեց,- Առաջին հերթին ցույց տալու համար մեր անկեղծությունը, որ մեր միակ նպատակը ժողովրդի իշխանությունն է ու անկեղծությունը։ Մենք չենք ուզում բան անել, որ բան լինի, մենք ուզում ենք անկեղծ երկխոսություն ունենալ ժողովրդի հետ։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ՝ չընդունել, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները ձևավորվել են ժողովրդի քվեարկության արդյունքում, հանրային կարծիքի մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քեվարկողների մեծ մասը քվերակել է իր անկեղծ համոզմունքի համաձայն, և հին ընտրական համակարգի տրամաբանությամբ քվեարկել է բացարձակ փոքրամասնությունը, որի պահվածքը ցավոք վճռական է եղել ընտրությունների վերջնական արդյունքների համար»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

«Կապանում տեղի ունեցած քվեարկությունն ու նրա արդյունքները օրինական են։ Բայց իմ քաղական դիրքորոշումն այն է, որ քրեական ու տնտեսական էլիտան ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Հեղափոխությունը դեռևս ոչ բոլորին է հասել, ու ոչ բոլորն են հասկացել դրա ազատությունը»։

Կրկին անդրադառնալով Հունան Պողոսյանի նշանակմանը՝ նա հիշեցրեց, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի նշանակմանը, երբ աղմուկ բարձրացավ ու քննադատություններ հնչեցին, սակայն Փաշինյանի խոսքով, այդ «թեման արագ փակվեց»։

Հունան Պողոսյանի դեպքում, ըստ Փաշինյանի, ծավալվեց, քանի որ Սյունիքում հաստատված տնտեսական և քրեական էլիտան, օգտագործելով, իրենց ձեռքի տակ եղած լրատվամիջոցները, երկար շահարկեցին.

«Հնարավոր է այդ լծակները նորից օգտագործվեն, իրենց անվտանգությունը լուծելու և Սյունիքում միահեծան և հակապետական իշխանություն հաստատելու համար։ Այս թեմային մանրամասն անդրադառնում եմ, որովհետև սա չափազանց կարևորություն ունեցող ներքաղաքական դրվագ է»։

Գևորգ Թոսունյան

Լուսանկարը՝ Պատրիկ Ազատյանի