25 հոկտեմբեր, 2018 17:03

Հայաստանի համար դրսի ճնշող ազդեցությունը կրճատելու ամենահստակ ճանապարհը ԼՂ հարցի լուծումն է․ Բոլթոն

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ակնհայտորեն բարդ է, եթե հեշտ լիներ՝ արդեն լուծված կլիներ․ այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Ասուլիսի սկզբին Բոլթոնը նշեց, որ 1997-ից ի վեր սա ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի առաջին այցն է Հայաստան։

Ջոն Բոլթոնը պատմեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման և քննարկված թեմաների մասին։

«Խոսեցինք դեկտեմբերին կայանալիք ընտրությունների ու նաև հանրային կարծիքի մասին, համաձայն որի՝ վարչապետը կստանա ուժեղ մանդատ, ինչը նրան թույլ կտա վճռական քայլեր կատարել»,- ասաց ԱՄՆ պաշտոնյան և հավելեց, որ վարչապետի պաշտոնակատարին հարցրել է, թե որն է նրա հաջողության գաղտնիքը, սակայն նա հրաժարվել է ասել։ Ջոն Բոլթոնը նկատեց, որ գուցե ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը պատմի այդ մասին։

Բոլթոնը ևս մեկ անգամ շեշտեց, որ Փաշինյանն առաջիկա ընտրություններում ուժեղ մանդատ կստանա, և դա ամենահարմար պահն է վճռական քայլեր ձեռնարկելու համար ամենատարբեր առումներով։ 

«Ինչպես եզրակացնում եմ այստեղ ունեցած իմ հանդիպումներից, այդ թվում՝ վերլուծաբանների հետ, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը քաղաքական օրակարագի թիվ մեկ հարցն է։ Ընտրություններից հետո վճռական գործողություններ իրականացնելու ճիշտ պահն է»,- ասաց Բոլթոնը։

Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին նա ասաց, որ այն «ակնհայտորեն բարդ է, եթե հեշտ լիներ՝ արդեն լուծված կլիներ»։

«Ես այստեղ չեմ եկել փոխելու ԱՄՆ քաղաքականությունը կամ հանդես գալու նոր առաջարկներով, այլ ավելի շուտ ծանոթանալու իրավիճակին։ Ի վերջո լուծումը պետք է կողմերը գտնեն»,- ասաց ԱՄՆ նախագահի խորհրդականը և մեջբերեց իր նախկին վերադաս Ջեյմս Բեյքերին, որը մեկ այլ հակամարտության հետ կապված ասում էր․ «Մենք չենք կարող ցանկանալ խաղաղություն ավելի, քան բուն կողմերը»։

Ամերիկացի պաշտոնյան ասուլիսի ժամանակ մեկ այլ կարևոր ուղերձ հղեց․ «Հայաստանի համար դրսի ճնշող ազդեցությունը կրճատելու ամենահստակ ճանապարհը ղարաբաղյան հարցի կարգավորման հասնելն է»։

Խոսելով Ազատության աջակցման ակտին 907-րդ լրացման գործողության մասին՝ Բոլթոնն ասաց․ «Հստակ է, որ Հայաստանի սպառազինությունների ճնշող մեծամասնությունը գալիս է Ռուսաստանից, Ադրբեջանն էլ զենքի 80 տոկոսը ձեռք է բերում Ռուսաստանից»։

ԱՄՆ պաշտոնյայի խոսքով՝ «այս հանգամանքը անշուշտ չի նպաստում հակամարտության կարգավորմանը», քանի որ «Ռուսաստանին տալիս է երկու կողմերի նկատմամբ հսկայական ազդեցության լծակ, բայց խաղաղության չի հանգեցնում»։

«Մենք՝ ամերիկացիներս, հավատում ենք, որ մրցակցությունը առաջընթացի խթան է։ Ամեն դեպքում, մեր ռազմական տեխնիկան ավելի լավն է, քան ռուսականը»,- ասաց Բոլթոնը։

Պաշտոնյան պատասխանեց նաև հարցին, թե բանակցությունների վերսկսման դեպքում ո՞վ է նստելու բանակցային սեղանի շուրջ, և ի՞նչ փաստաթղթի շուրջ են ընթանում բանակցությունները։

Նրա խոսքով՝ Հայաստանում աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում իրականացվող աշխատանքին, ինչն ուրախալի է։ Թրամփի խորհրդականը հերթական անգամ ընդգծեց, որ Փաշինյանի կուսակցության կողմից ուժեղ մանդատի ստացումը վճռական քայլերի դիմելու լավ հնարավորություն է։