31 հոկտեմբեր, 2018 11:29

Էրդողանը ջնջում է Աթաթուրքի խորհրդանիշերը․  Հասան Ջեմալ

Հոկտեմբերի 29-ին Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 95-ամյակն էր: Օսմանյան կայսրության փլատակների վրա Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրած Քեմալ Աթաթուրքին մարտահրավեր է նետել Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա Արդարություն և զարգացում կուսակցությունը։

Թուրքիան այժմ այդքան էլ քեմալական չէ. թե՛ վերլուծական, թե՛ հանրային դաշտում ժամանակակից Թուրքիան ընկալվում է ավելի շատ որպես էրդողանական: Ի՞նչ ասել է էրդողանական. այս հարցին T24 կայքում հրապարակած հոդվածում փորձել է պատասխանել լրագրող, հրապարակախոս Հասան Ջեմալը՝ համեմատելով Քեմալին ու Էրդողանին:

«Ընդդեմ Էրդողանի՝ կողմ եմ Աթաթուրքին: Որովհետև Էրդողանի հայացքն ուղղված է ոչ թե Արևմուտք, այլ Արևելք: Որովհետև Էրդողանը չի սիրում աշխարհիկ ու ժողովրդավար Թուրքիան: Վատանում է կին-տղամարդ հավասարության մասին լսելիս: Իսլամականացնում է կրթությունը: Կրթությունից վերացնում քննադատական միտքը: Չի սիրում «ազատություն» բառը: Կարճ ասած՝ Էրդողանը ատում է արևմտյան արժեքները: Աթաթուրքին, որ հայացքն ուղղել էր դեպի Արևմուտք ու արևմտյան արժեքներ, Էրդողանը չի սիրում: Աթաթուրքի կենսաձևը, աշխարհայացքը շատ վանող է Էրդողանի համար: Այդ պատճառով Հանրապետության դեմ գործում է որպես վրիժառու ու ռևանշիստ: Աթաթուրքի ու Հանրապետության հետ կապ ունեցող գլխավոր խորհրդանիշերը կամաց-կամաց ու դավադրաբար ջնջում է ու վերացնում»,- գրում է Հասան Ջեմալը:

Հասան Ջեմալը ներկայացնում է նաև քեմալական ժամանակաշրջանի բացասական կողմերը։ Դրանք, ըստ նրա,  քրդերի նկատմամբ վերաբերմունքն է, Դերսիմի 1938-ի կոտորածը, բոլոր ոչ թուրք մահմեդականներին թուրքացնելու քաղաքականությունը, ոչ մահմեդականների նկատմամբ խտրական վերաբերմունքն ու հալածանքը:

Հասան Ջեմալը անդրադարձել է նաև թուրքական պատմակեղծարարությանը՝ որպես քեմալական ժամանակաշրջանի Թուրքիայի ամենաբացասական երևույթներից մեկի: Օրինակ, մեջլիսի առաջին նիստում՝ 1920թ․ ապրիլի 24-ին, Աթաթուրքը խոսում է 1915 Հայոց ցեղասպանության մասին ու այն որակում ամոթալի, նողկալի: Սակայն, նրա խոսքերը գրաքննվում և տեղ չեն գտնում մեջլիսի նիստերի սղագրություններում, պատմում է երիտթուրք գործիչ Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը:

Հասան Ջեմալը թուրք գրող և հրապարակախոս է՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռը։ Նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, գրել գիրք՝ «1915․ Հայոց ցեղասպանություն» վերնագրով։

Գոռ Երանյան