31 հոկտեմբեր, 2018 22:46

Հայ մշակույթի օրեր Շտուտգարտում

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում հոկտեմբերի 25-28-ը անցկացվել են Հայ մշակույթի օրեր։ Միջոցառումը նախաձեռնել է Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի հայ համայնքի հոգևոր հովիվ Տ․ Տիրատուր քհն․ Սարդարյանը։

Բազմաշերտ ծրագրիրն ընդգրկել է հոգևոր, դասական և ջազային համերգներ, գրքերի շնորհանդեսներ, ֆիլմերի ցուցադրում, երեխաների համար ծրագրեր։ Մշակույթի օրերի մասնակիցները ծանոթացել են հայկական խոհանոցի գործերին, համտեսել Հայաստանում արտադրված գինիներ ու ծանոթացել Հայաստանին՝ որպես զբոսաշրջային երկրի։

Շտուտգարտում այս տարի Հայ մշակույթի օրերը բացվել են պոլսահայ երաժիշտներ Արթուր Բաղդասարյանի (բարիտոն) և Եդվին սրկ․ Ղալիպյանի (երգեհոն) համերգով, հնչել են  հայ և միջազգային հոգևոր երաժշտության գոհարներ։

Ներկայացվել է Սուսաննա Սարգսյանի «Խոհարարական ճամփորդություն դեպի Հայաստան» գրքի թարգմանությունը (թարգմանիչ՝ Յուլյա Նիկողոսյան), իսկ «Արենի փառատոն» հիմնադրամը ներկայացրել է Հայաստանում խաղողագործության, գինեգործության, իրադարձային զբոսաշրջության ողջ ներուժը։ Կազմակերպվել է գինու և հայկական ուտեստների համտեսում։

Հայ մշակույթի օրերին ավարտվել են հոկտեմբերի 28-ին ավանդական դարձած գալահամերգով։ Հայլբրոնի վյուրթեմբերգյան կամերային նվագախումբը իր նախկին դիրիժոր Ռուբեն Գազարյանի ղեկավարության ներքո հանդես է եկել թավջութակահար Սուրեն Բագրատունու և ջութակահար Էմանուել Ճգնավորյանի հետ։ Հնչել է նաև Լորիս Ճգնավորյանի «Համերգ ջութակի և նվագախմբի համար» ստեղծագործությունը։ Համերգին ներկա է եղել ինքը՝ մաեստրո Լորիս Ճգնավորյանը։

Հայ մշակույթի օրերի ընթացքում տեղի են ունեցել մի շարք այլ մշակութային, հոգևոր միջոցառումներ, գրքերի շնորհանդեսներ։