2 նոյեմբեր, 2018 13:17

Առարկության դեպքում «Սասնա ծռեր» խմբի վրա համաներումը չի կիրառվի, ասում է Զեյնալյանը

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսին  ներկայացրեց Համաներման մասին օրենքի կարգավորումները։ Նա անդրադարձավ նաև «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների վրա համաներումը տարածելու որոշման շուրջ քննադատություններին:

«Հիշում եք 2009թ. համաներումը մարտի 1-ի դեպքերի ամբաստանյալների և մեղադրյալների նկատմամբ: Այսինքն, սա նորություն չէ, որ իրականացվել է: Ինչպես արդեն ասել եմ, սա շնորհ է, արտոնություն է, և արտոնությունը պետությունն իրականացնում է իր հայեցողությունների, իր հնարավորությունների շրջանակներում, հասարակությունից ստացած քաղաքական պատվերի շրջանակներում, հանձնարարության շրջանակներում»,- ասաց Զեյնալյանը:

Նա հավելեց, որ փորձել են ապահովել հավասարակշռությունը բոլոր շահառուների, այդ թվում նաև՝ մրցակցող շահերի պայմաններում:

«Նախատեսել ենք նաև սպանվածների, պատանդառուների և ֆիզիկական մարմնական վնաս կրած անձանց իրավունքների պաշտպանությունը: Եթե նրանք առարկեն` համաներումը չի կիրառվի»,- նշեց նա:

Ազգային ժողովը նոյեմբերի 1-ին 75 կողմ ձայներով ընդունեց համաներման նախագծի ամբողջ փաթեթը: