6 նոյեմբեր, 2018 12:37

Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների հարցը՝ զգայուն թեմա Հայաստանի համար․ ԱԳ փոխնախարար

Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների հարցը բավականին զգայուն թեմա է Հայաստանի համար: Իրանի հետ հարաբերութունները երբեք չեն զարգանում երրորդ երկրների հաշվին: Նոյեմբերի 6-ին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը:

«Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների հարցը բավականին զգայուն թեմա է Հայաստանի համար: Մենք  մշտապես լիակատար աջակցություն ենք ցուցաբերել համապարփակ գործողությունների ծրագրի իրականացմանը, որը կնքվել էր Իրանի և համապատասխան գործընկեր պետությունների միջև: Մեզ համար շատ էական է, որ շարունակվեն ավանդական, փոխշահավետ և բարիդրացիական հարաբերությունները մեր հարևան երկրի հետ: Հայաստանը գործընկեր պետությունների հետ հարաբերություններում մշտապես ուղղորդվել է այդ հարաբերությունները զարգացնել զուտ երկկողմ քաղաքական-տնտեսական շահերից ելնելով: Հարաբերութունները երբեք չեն զարգանում երրորդ երկրների հաշվին: Իրանի հետ փոխգործակցությունը չենք իրականացնում ԱՄՆ-ի հետ մեր գործընկերության հաշվին»,-ասել է Նազարյանը:

Նա նշել է, որ Իրանում տեղի ունեցող բոլոր զարգացումներին հետևում են, դա Հայաստանի համար կենսական խնդիր է: Մշտապես կապի մեջ են Իրանի գործընկերների, նաև այդ գործընթացում ներգրավված այլ գործընկեր-պետությունների հետ: Նազարյանի խոսքով՝ Հայաստանը ներկայացնում է իր մտահոգությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: 

ՀՀ արտաքին գործերի փոխնախարարն ընդգծել է՝ Իրանի հետ մեր հարաբերությունների դինամիկայի պահպանումը կարևոր է «անկախ այն իրադրությունից, որն այսօր ստեղծվել է»։

Վերջերս Հայաստան է այցելել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Այցի օրակարգային հարցերից մեկը Իրանն էր։ Նոյեմբերի 5-ին ԱՄՆ նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ։

Բոլթոնը հասկացրեց՝ ղարաբաղյան բանակցային գործընթացն իր համար առաջնահերթ չէ․ Էմիլ Սանամյան