8 նոյեմբեր, 2018 18:22

Երևանը մերժել է Ալիևին որպես հյուր Աստանա հրավիրելու գաղափարը․ «Կոմերսանտ»

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) քննարկվել է Աստանայում այսօր ընթացող գագաթաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հյուրի կարգավիճակով հրավիրելու գաղափարը․ գրում է «Կոմերսանտը»՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նման գաղափարով, ըստ տեղեկության, հանդես է եկել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Որոշ առաջնորդներ հավանություն են տվել մտքին, նրանց թվում նշվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անունը։ 

Հաղորդվում է, որ Ալիևը պատրաստ էր այցելել Աստանա, սակայն հայկական կողմը դեմ է հանդես եկել դրան։

«Դաշինքի մեջ չմտնող երկրների ղեկավարները կարող են ՀԱՊԿ-ի միջոցառումներին մասնակցել կազմակերպության բոլոր անդամների համաձայնության դեպքում»,- ասել է թերթի աղբյուրը։

Ալիևի հրավերի վերաբերյալ մեկնաբանության համար «Կոմերսանտը» դիմել է ՀՀ ԱԳՆ։ Գերատեսչության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ «չեն տիրապետում նման տեղեկատվության»։

ՀԱՊԿ-ի անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Աստանայում ընթանում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը նեղ կազմով