8 նոյեմբեր, 2018 17:22

Վիճաբանություն համալսարանում․ Ռեստարտն ընդդեմ ուսխորհրդի

Երևանի պետական համալսարանում ուսանողական երկու կառույցների՝ ԵՊՀ ուսանողական խորհրդի և «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության միջև կոնֆլիկտ է ծագել։ «Ռեստարտ»-ը հայտարարում է, որ ԵՊՀ ուսանողական խորհուրդը գործում է ապօրինի, քանի որ նրա կանոնադրությունը սահմանված կարգով կրթության և գիտության նախարարության կողմից չի  հաստատվել, նաև չեն գումարվել կանոնադրությամբ սահմանված համագումարները։ Ուսխորհուրդը հակառակն է պնդում։ Նոյեմբերի 8-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում երկու խմբերի հանդիպումը վերածվել էր վիճաբանության։

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը, որ այդ կառույցի նախագահ է դարձել այս տարվա հունվարին,  ասում է՝ իրենց կանոնադրությունը ԿԳՆ-ի կողմից չի հաստատվել, նախկինում եղել են քննարկումներ, որոնք ինչ-ինչ պատճառներով կանգ են առել։

Ափոյանի խոսքով «Ռեստարտ» նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանը փորձում է  լեգիտիմ ու ներկայացուցչական ուսանողական խորհուրդը «կախման մեջ գցել ԿԳՆ-ից»․ «Կառույցը լեգիտիմ գործում է, ու ոչ ոք իր աշխատանքների վրա ոչ մի բիծ չի տեսնում, իրենք փորձում են կառույցը կախման մեջ գցել նախարարությունից»։

Ափոյանը նշում է՝ ճիշտ է, կանոնադրությունը ԿԳՆ-ի կողմից չի հաստատվել, սակայն աշխատել են սովորույթի ուժի համաձայն։ Նա կարծում է, որ ԿԳՆ-ի կողմից կանոնադրության հաստատումը «ինչ-որ չափով նաև սիմվոլիկ է»։ «Ճիշտ է, նախարարությունը չի հաստատել կանոնադրությունը, սակայն մեր վարքագիծն ընդունել է որպես ուսանողների ներկայացուցչական մարմին։ Մենք ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին ներակայացրել ենք ուսանողական ներկայացուցիչներ, ու կառավարությունը ընդունել է այդ ուսանողներին ու գումարել նիստեր։ Եթե չեք ճանաչում մեզ ու մեր կանոնադրությունը, ինչպե՞ս եք մեզ ընդունում հոգաբարձուների խորհրդի կազմում»,- հարց է բարձրացնում ԵՊՀ ուսխորհրդի նախագահը։

Նրա խոսքով՝ թե ուսխորհուրդը, թե «Ռեստարտ» նախաձեռնությունը նամակներով դիմել են նախարարությանը։ ԿԳՆ-ից իրենց ուղղված նամակում նշվել է, որ անհրաժեշտ է կանոնադրության համապատասխանեցում, իսկ «Ռեստարտ»-ին ուղղված նամակում ԿԳՆ-ն խոսել է ուսխորհրդի լուծարման մասին։

«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ ուսխորհրդի  կանոնադրության հետ կապված հարցերը խնդրի միայն մի մասն են։ «Ուսխորհուրդն  օգտվում է համալսարանի բյուջեից։ Համալսարանի բյուջեն 80 տոկոսով ձևավորվում է ուսանողների միջոցներից։ Դրա համար տարին մեկ անգամ պետք է գումարվի համագումար, որ հաստատվի ֆինանսական հաշվետվությունը, ու խոսքը 8,5 միլիոն դրամի մասին է։ Այդպես էլ չհասկացվեց՝ գումարվել է համագումար, որ կհաստատեր ֆինանսական հաշվետվությունը»,- ասում է Դավիթ Պետրոսյանը։  

Պետրոսյանը նշում է՝ ուսխորհրդի նախագահը ևս պետք է հաստատվեր համագումարի արդյունքում, սակայն համագումարներ այդպես էլ չեն եղել, իսկ ԿԳՆ-ն աչք է փակել այս խախտման վրա, քանի որ «ԵՊՀ-ն եղել է նրանց սատելիտը»։ Պետրոսյանը սա համեմատում է նրա հետ, որ «ԱԺ հատուկ նիստում վարչապետ չընտրվի, բայց երկիրն ունենա նոր վարչապետ»։

Պետրոսյանի կարծիքով՝ ԵՊՀ ուսխորհուրդը պետք է հստակ պատասխանի՝ արդյո՞ք ֆինանսական հաշվետվություններն ու ուսխորհրդի նախագահի ընտրությունը հաստատվել են համագումարի կողմից. «Եթե ԿԳՆ-նն ուզի, կարող է ընդհանրապես չպատասխանել ուսանողական խորհրդին, քանի որ նրա կանոնադրությունը ինքը չի հաստատել։ Նրանք ուղղակի մի խումբ են, որ ստանում են ֆինանսական միջոցներ, ու եթե կանոնադրությունը հաստատված չէ, դու որևէ տեղ չկաս։ Բայց մարդիկ ասում են՝ այո, հաստատված չէ, բայց որ հաստատված չէ, ոչ ոք չի կարող մեզ մեղադրել դրա համար»։

Ստեղծված իրավիճակի պատճառներից մեկը Դավիթ Պետրոսյանը համարում է այն, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմը դեռ չի հաստատվել։

Իսկ Ուսխորհրդի նախագահն ու այլ անդամներ ազդարարում են, որ Դավիթ Պետրոսյանն ու «Ռեստարտ» նախաձեռնությունը «սնվում են» Ջորջ Սորոսի Բաց հասարակության հիմնադրամից։ Պետրոսյանը հակադարձում է՝ այս հիմնադրամից իրենք դրամաշնորհներ չեն ստանում, դրամաշնորհ ստացել են European Endowment for Democracy հիմնադրամից, և այդ դրամաշնորհով վարձակալել են տարածք։

Ավելի ուշ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում պարզաբանումներով հանդես եկավ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը։

Խոսելով ԵՊՀ ուսխորհրդի կողմից խախտումների մասին՝ փոխնախարարը նշում է, որ «ԵՊՀ-ին առաջարկվել է հրավիրել համալսարանի ուսանողների ընդհանուր ժողով, վերակազմավորել խորհուրդը, որը կընդունի ուսանողական խորհրդի նոր կանոնադրություն, որն էլ օրենքի համաձայն կներկայացվի Կրթության և գիտության նախարարության հաստատմանը»։

«Նոր կանոնադրության մշակման համար անհրաժեշտ է քննարկումներ կազմակերպել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ապահովել մասնակցայնությունն ու հրապարակայնությունը»,- գրել է Հովհաննիսյանը։

Մկրտիչ Կարապետյան