13 նոյեմբեր, 2018 15:17

Ղարաբաղյան կարգավորում․ թավշյա հույսե՞ր

Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիսի Թավշյա հեղափոխությունից հետո, երբ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանի հեղափոխական կառավարությունը, հայ-ադրբեջանական հարաբերություններում որոշ նորություններ ի հայտ եկան։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն առաջին անգամ հանդիպեցին սեպտեմբերի վերջին Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում։

Օպերատիվ կապ

Դուշանբեի գագաթաժողովի շրջանակում հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվեցին օպերատիվ կապ հաստատել։

Փաշինյանն այս առնչությամբ պարզաբանեց, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ցանկացած տեղեկատվություն հնարավոր է փոխանցել այս կապի միջոցով. «Նմանաբնույթ ցանկացած տեղեկատվություն կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին և, եթե իրենց կողմից լինի, ինձ»,- ասաց նա։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից մանրամասնել են, որ օպերատիվ կապի նպատակն է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումն ու ամրապնդումը։ «Ինչ վերաբերում է կապի կիրառելիությանը, նշեմ, որ կապը հաստատվել է ոչ թե հանրային հայտարարության համար, այլ դա իսկապես գործող կապ է»,- ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Պաշտպանության նախարարությունում նշանակված է օպերատիվ կապի պատասխանատու, որի միջոցով էլ կապ է հաստատվում երկու երկրների միջև։ «Պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը հնարավորություն են ունենում այդ պատասխանատուի միջոցով կապ հաստատել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ»,- ՍիվիլՆեթին ասաց պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապ նախկինում ևս եղել է։ Այն առաջին անգամ կիրառվել է 1990-ականների սկզբին՝ պատերազմի ժամանակ։

Սրա վերաբերյալ կա նաև անեկդոտի նման պատմություն, երբ Նախիջևանի ինքնավարության ղեկավար Հեյդար Ալիևը զանգում էր ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աշոտ Մանուչարյանի տուն և նրա մոր հետ պայմանավորվում կրակի դադարեցման մասին։

Մանուչարյանը պատմում է, որ Ալիևը զանգահարել է իր աշխատանքի վայր, ինքը տեղում չի եղել։ Զանգել է տուն, մայրն է վերցրել լսափողը։

«Ալիևը մորս ասում է, որ սահմանին փոխհրաձգություն է սկսվել, ու դա պետք է դադարեցնել։ Մայրս ասում է՝ «իհարկե պետք է դադարեցնել», իսկ Ալիևը պատասխանում է՝ «դե ես մերոնց հրաման տամ, երբ Աշոտը գա, ասեց, որ ձերոնց էլ հրաման տա դադարեցնել»»,- պատմում է Մանուչարյանը։

Ավելի ուշ Ալիևը զանգահարում է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ու հայտնում, որ Աշոտ Մանուչարյանի մոր՝ տիկին Լենայի հետ պայմանավորվել է կրակը դադարեցնել։ Տեր-Պետրոսյանը կատակով արձագանքում է. «Դե եթե տիկին Լենայի հետ պայմանավորվել եք, էլ ի՞նչ խնդիր ունեք»։ Հրաձգությունը դադարեցվում է։

«Երբ առաջնորդները հաստատում են կապ, դա նշանակում է, որ նրանց միջև առնվազն կա նվազագույն մարդկային հարգանք։ Սա չափազանց կարևոր է։ Առանց դրա մենք չենք կարող մեծ պատկերների մասին խոսել»,- ասում է լրագրող, Ղարաբաղյան խնդրի մասին «Կանաչ և սև» գրքի հեղինակ  Թաթուլ Հակոբյանը։

Նա արձանագրում է, որ նախկինում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև այդ «մինիմալ հարգանքը» չի եղել. «Բանակցությունների ժամանակ նրանց միջև չի եղել մինիմալ պաշար, ու նրանք անգամ իրար ծաղրել են»։

Բանակցություններին Ղարաբաղի մասնակցության մասին

Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ ընտրվելու հենց հաջորդ օրը՝ մայիսի 9-ին, մեկնեց Ստեփանակերտ, որտեղ հայտարարեց, որ բանակցություններին պետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղը։ «Խնդրի լուծման ամենակարևոր բաղադրիչը ճիշտ ձևաչափով բանակցություններն են: Հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախը, պետք է լինի բանակցությունների լիարժեք կողմ»:

Հետագայում Փաշինյանը քանիցս կրկնեց այս դրույթը, որ Ղարաբաղի անունից պետք է բանակցի Ղարաբաղը։

Փաշինյանի խոսքով, եթե Հայաստանի նախորդ երկու ղեկավարները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, որոնք Ղարաբաղից էին և կանգնած էին Ղարաբաղյան շարժման ակունքներում, իրենց կարող էին իրավունք վերապահել բանակցել Ղարաբաղի անունից, ապա ինքը կարծում է, որ Ստեփանակերտի անունից պետք է բանակցի Ստեփանակերտը։

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը սա համարում է դիրքորոշման նորություն․ «Սա նորություն է, որը քննարկում է ստեղծել Ադրբեջանում։ Քննարկվում է նաև համանախագահող երկրների շրջանակներում։ Թե ինչի կհանգեցնի, դժվար է ասել»։  

Քաղաքագետը կարծում է, որ հակամարտության հանգուցալուծման տեսանկյունից նշանակալի փոփոխություններ չեն արձանագրվել․ «Փորձեր կան փոխել բանակությունների ձևաչափը, բայց այս պահին գործնական քայլեր չեն արվում»։

Փաշինյանը խոսում է նաև Ադրբեջանի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու մասին

Ղարաբաղյան հակամարտության հռետորաբանության խորապատկերում ուշագրավ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ խաղաղության որևէ պլան պետք է ստանա Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի հասարակությունների համաձայնությունը։

Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում նա ասաց․ «Մենք ուզում ենք լուծման հասնենք, որ նոր պայթուն առաջացնի, թե մենք ուզում ենք լուծման հասնել, որ լուծում լինի։ Հայկական կողմի տեսակետն այն է, որ առանց Ղարաբաղի կարգավիճակի կարգավորման, ես չեմ պատկերացնում հարցի կարգավորում»։

Մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 1-ին, Ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանը նորից խոսեց Ղարաբաղի հարցի մասին․ «Ադրբեջանում կա՞ արդյոք մի պաշտոնյա, որը պատրաստ է կրկնել, բառացի անել նույն հայտարարությունը, որ Ղարաբաղի հարցի ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Ղարաբաղի ու Հայաստանի ժողովրդի համար։ Եթե կա նման պաշտոնյա, ուրեմն կարող ենք ասել, որ կա հնարավորության պատուհան, հակառակ պարագայում պետք է դեռ շարունակենք փնտրել, թե ինչ նկատի ունեն մեր գործընկերները՝ հնարավորությունների պատուհան ասելով»։

Լրագրող Թաթուլ Հակոբյանն ասում է, որ լուծում կարող է նշանակել երեք կողմերի կամ լայն առումով հայ ժողովրդի և ադրբեջանցի ժողովուրդների համաձայնությունը․ «Սակայն եթե մենք մտածում ենք կողմերից մեկի կապիտուլյացիայի մասին, դա լուծում չի կարող լինել։ Ցավոք երկու հասարակություններում վերջին 10-15 տարիներին արմատացել են դիրքորոշումները»։

Հակոբյանը նշում է, թե ինչ բառապաշար էր օգտագործվում Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերաբերյալ։

1990-ականներին Հայաստանի բոլոր ղեկավարները, անգամ ազգայնական շրջանակներում, օգտագործում էին «օկուպացված տարածքներ» եզրը։ Այնուհետև սկսեցին օգտագործել «անվտանգության գոտի» եզրը, ավելի ուշ` «բուֆերային գոտի», հետո «ազատագրված տարածքներ», իսկ հիմա արդեն «Սահմանադրությամբ Արցախի մաս» եզրույթը (Լեռնային Ղարաբաղի Սահմանադրությամբ՝ մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունը իրա­կա­նացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրա­պետության իրավազորության ներքո)։

Ինչ են մտածում քաղաքացիները

Հայաստանի Տավուշի մարզի սամանամերձ Վազաշեն, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերը վաղուց արդեն սովորել են հրաձգության տակ ապրել։ Վերջին ամիսներին այստեղ համեմատաբար հանդարտ է։ Մարդկանց հուզող հիմնական խնդիրը կրակի դադարեցումն է։

«Թավշյա հեղափոխությունց հետո սահմանին իրավիճակը հանգստացել է,- ասում է Վազաշենի համայնքապետ Լորիկ Բադիրյանը,- երկու անգամ են լուրջ կրակոցներ զգացվել, սակայն որևէ վտանգ չենք ունեցել»։

Նա ասում է, որ մինչ այդ իրավիճակը բարդ էր, կրակոցները գրեթե ամեն ամիս էին. «Ամենաթիրախային հատվածում մեր գյուղն է և Բերքաբերը, բայց հիմա այս հատվածում հանդարտ է»։

«2014-2016 թթ. կարելի է ասել պատերազմական վիճակ էր, կրակոցները մշտական էին, բայց հիմա այդքան բարդ չէ վիճակը»,- ՍիվիլՆեթին ասում է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ղեկավար Նարեկ Սահակյանը։

Թեև մարդիկ Երևանում կրակոցների տակ չեն, սակայն անհանգստացած են իրավիճակով։ Նրանցից ոմանք ասում են, որ այս տարի սահմանին կրակոցներից սպանությունների մասին քիչ են լսում, ինչը չես ասի նախորդ տարիների մասին։

Երևանի բնակիչ Տարոն Էլոյանը նշում է. «Նախկինում ամիսը մի քանի անգամ տեղեկանում էինք, որ սահմանին զինվոր է զոհվել։ Սա ևս անվստահություն է ներշնչում կառավարության վարած քաղաքականության նկատմամբ։ Ներկայում, համենայն դեպս, լրատվամիջոցներում նման լուրերը քիչ են»։

Երևանաբնակ Արթուր Կարապետյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում էական ոչինչ չի փոխվել, միայն տարբեր հայտարարություններ են եղել. «Այն, որ նախկինում ոչինչ չէր արվել բանակցություններում, փաստեց 2016-ի ապրիլյան պատերազմը։ Հայաստանի նոր իշխանությունը, կարծես, առավել պատրաստակամ է խնդիրը կարգավորել, սակայն լուրջ ազդակներ չենք տեսնում»։

Մեկ այլ քաղաքացի՝ Արման Յարալյանը, Ղարաբաղի խնդիրը լուծելու համար կարևոր է համարում Հայաստան-Ղարաբաղ իրավահարաբերությունների ճշգրտումը։ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվել աշխարհի որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Յարալյանը դրական է համարում, որ Հայաստանի նոր կառավարությունը  կարևորում է Ղարաբաղի՝ բանակցություններին մասնակցելու անհրաժեշտությունը։

Մտորումներ մի հարցման շուրջ

Օրեր առաջ ՍիվիլՆեթն իր յութուբյան էջում հարցում էր տեղադրել Ղարաբաղյան խնդրի կարգավորման տարբերակների վերաբերյալ։  1400 մասնակիցների 51%-ը համարում է, որ Ղարաբաղի խնդիրը հնարավոր է կարգավորել «Ադրբեջանի անվերապահ կապիտուլյացիայի» դեպքում, 22%-ը կարծում է, որ «Ղարաբաղի խնդիրը հայկական կողմի համար արդեն լուծված է» և միայն 11%-ն է կարծում, որ կոնֆլիկտը կարող է կարգավորվել «տարածքներ կարգավիճակի դիմաց բանաձևով»։

Թաթուլ Հակոբյանը նշում է, որ Հայաստանում «ոչ մի թիզ հող չտալու» դիրքորոշման արմատացման պատճառները պետք է նախևառաջ որոնել Ադրբեջանում։

«Որքան Ադրբեջանում շատ են հնչում ռազմաշունչ խոսքեր, Երևանը Ադրբեջանին վերադարձնելու հայտարարություններ, այնքան հայկական կողմում հանրային կարծիքը արմատական է դառնում»,- ասում է նա և ընդգծում, որ եթե առաջնորդները հասկանում են այս իրողությունը և ցանկանում են իրականում շարժվել խաղաղության ուղղությամբ, պետք է հրաժարվեն նման հռետորաբանությունից և իրենց ժողովուրդներին պատրաստեն խաղաղության, ոչ թե պատերազմի։

Գևորգ Թոսունյան