17 նոյեմբեր, 2018 20:46

Բելառուսում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը իրեն «միջազգային դատախազի տեղ է դրել»

Բելառուսի արտգործնախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից։

«Երևում է՝ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որն իրավասու է պատժել կամ ներում շնորհել»,- ասել է Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը։

Վերջինիս կարծիքով՝ «դա կարող է ընդունելի լինել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի դեպքում, սակայն միջպետական հարաբերություններում կան արարողակարգի հստակ նորմեր»։

«Պարոն Փաշինյանը երևի դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոնները անընդունելի են մեծ քաղաքականությունում։ Ափսոս, հուսանք՝ ժամանակի ընթացքում դա կանցնի»,- հայտարարել է Գլազը։

Պիտի պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի եւ Ղազախստանի հարգարժան նախագահներից․ Փաշինյան