20 նոյեմբեր, 2018 10:14

Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր»-ը

Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող 11 ուժերի թվում է «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ ՕԵԿ-ը։ Այն հիմնադրման օրվանից՝ 1997-ից, մասնակցել է խորհրդարանական բոլոր ընտրություններին և միշտ հաղթահարել 5 տոկոսի շեմը, բացառությամբ վերջին՝ 2017-ի ապրիլի 2-ի ընտրությունների։

«Օրինաց երկիրը» հիմնադրման օրվանից, արդեն ավելի քան 21 տարի, ունի միայն մեկ առաջնորդ՝ Արթուր Բաղդասարյանը: Հայաստանի քաղաքական դաշտում գործող կուսակցություններից երկրորդը «Ազգային միաբանությունն» է, որը հիմնադրման օրվանից՝ 1997թ., ունեցել է մեկ անփոփոխ առաջնորդ՝ Արտաշես Գեղամյանը:

Առաջին անգամ «Օրինաց երկիրը» խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 1999-ին և հաղթահարել խորհրդարան մտնելու 5 տոկոսի շեմը: 2003-ի ԱԺ ընտրություններում կուսակցությունը ստացավ գրեթե 13 տոկոս, 2007-ին՝ մոտ 7 տոկոս, 2012-ին՝ շուրջ 5,5 տոկոս։

2017-ի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում, որոնք առաջինն էին սահմանադրական փոփոխություններից հետո, «Օրինաց երկիրը» չկարողացավ հաղթահարել ԱԺ մուտքի շեմը՝ ստանալով 3,7 տոկոս:

Նախագահական ընտրություններում Արթուր Բաղդասարյանը մասնակցել է մեկ անգամ՝ 2008-ին և քվեների շուրջ 17 տոկոսով զբաղեցրել երրորդ տեղը և անմիջապես աջակցել Սերժ Սարգսյանին՝ նրանից ստանալով նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Քաղաքական իմաստով, դա լուրջ հարված էր «Օրինաց երկրի» և Արթուր Բաղդասարյանի վարկին։

Բաղդասարյանը ունի քաղաքական հարուստ կենսագրություն։ Մասնագիտությամբ իրավաբան, նա սկսել է լրագրությունից, աշխատել «Ավանգարդ» թերթում։ 25 տարեկանում մտել է ակտիվ քաղաքականություն, Հայոց համազգային շարժման իշխանության տարիներին՝ 1993-ի նոյեմբերին, ընտրվել Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ։ Մեկուկես տարի անց՝ 1995-ին, Շենգավիթի թիվ 5 ընտրատարածքից ընտրվել է խորհրդարանի պատգամավոր՝ 27 տարեկանում դառնալով Հայաստանի պատմության մեջ ամենից երիտասարդ օրենսդիրը։

30 տարեկանում Մոսկվայում ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ մեկ տարի վաղ՝ 1996-ին, առաջին նախագահի մասին գրել «Լևոն Տեր-Պետրոսյան. դիմանկարի փորձ» գիրքը։

«Լևոն Տեր-Պետրոսյանը պետական և քաղաքական գործչի ելույթների անբաժան ուղեկիցն են՝ սթափ բանականությունը, կուռ տրամաբանությունը, մտքի փիլիսոփայական խորությունը,- գրում է Բաղդասարյանը։- Խորն է և հարուստ մեր ազգի մտավոր ընդերքը. այն ծնել է արժանավոր բազում քաղաքական և պետական գործիչներ։ Սակայն այսօր և այս ժամին չկա նրանց մեջ մեկը, որն ավելի ունակ, ուրեմն և ավելի արժանի կլիներ առաջնորդել այս ժողովրդին դեպի երազելի ապագա, քան Լևոն Տեր-Պետրոսյանը»։

2008-ին Տեր-Պետրոսյանը Բաղդասարյանին մեղադրեց դավաճանության մեջ, երբ վերջինս աջակցեց Սերժ Սարգսյանին։

Բաղդասարյանին դավաճանության մեջ մեղադրել է նաև երկրորդ նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը, երբ Հայաստանի հատուկ ծառայությունները Երևանի «Մարկո պոլո» սրճարանում 2006-ին գաղտնալսեցին Բաղդասարյանի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի զրույցը, որի ընթացքում «Օրինաց երկիրի» առաջնորդը եվրոպացիներին հորդորում էր միջամտել, եթե իշխանությունները կեղծեն 2007-ի խորհրդարանական ընտրությունները։

Հատված գաղտնալսված սղագրությունից, որ տարածեց Քոչարյանին սատարող «Գոլոս Արմենիի» թերթը.

Բաղդասարյան – Դուք տեղեկատվություն ունե՞ք, թե ինչ պատվիրակություններ են ժամանելու։

Փոխդեսպան – Մենք ստույգ գիտենք, որ նախագահը դեմ է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատվիրակություններին։

Բաղդասարյան – Քոչարյանը ատում է անգլիացիներին, դա փաստ է։

Փոխդեսպան – Գիտեմ։ Եվ դա փոխադարձ է։

Բաղդասարյան – Եթե ընտրությունները կեղծվեն, ապա «Նոր հարեւաններ» ծրագրում պետք է խնդիրներ ծագեն։ Եվ ամերիկացիների հետ՝ նույնպես։ Առանց այդ էլ այստեղ կցանկանային թքած ունենալ ամերիկացիների վրա։

1998-ի և 2003-ի ընտրություններում «Օրինաց երկիրը» և Արթուր Բաղդասարյանը աջակցել էին նույն Քոչարյանին, որը վիճելի և աղմկահարույց ընտրությունների արդյունքում 10 տարի զբաղեցրեց նախագահի աթոռը։ Այդ սատարման դիմաց՝ Քոչարյանի, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի միջև քաղաքական պայմանավորվածության արդյունքում 35-ամյա Բաղդասարյանը 2003-ին ընտրվեց Ազգային ժողովի նախագահ և այդ պաշտոնում մնաց մինչև 2006-ը, երբ ստիպողաբար հրաժարական տվեց Քոչարյանի հետ ունեցած տարակարծության պատճառով։

Բաղդասարյանը, թվում է, գերազանց հարաբերություններ ուներ, գուցե և ունի Սերժ Սարգսյանի հետ, անգամ այն տարիներին, երբ Քոչարյանը ատելությամբ էր լցված Բաղդասարյանի և «Օրինաց երկրի» դեմ։ Հենց Քոչարյանի ցուցումով բազմաթիվ ՕԵԿ-ականներ, հիմնականում՝ գործարարներ, լքեցին կուսակցության շարքերը 2006-2007 թվականներին։

2013-ի նախագահական ընտրություններում Բաղդասարյանը և «Օրինաց երկիրը» աջակցեցին Սերժ Սարգսյանին՝ ընդդեմ Րաֆֆի Հովհաննիսյանի։

2017-ի ապրիլի 2-ի ընտրություններին «Օրինաց երկիրը» մասնակցում էր «Հայկական վերածնունդ» անունով: Ռեբրենդինգը, սակայն, չօգնեց:

«Օրինաց երկիր» կուսակցությունը 2018-ի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններում ներկայացրել է ցուցակ, որի առաջին երեք տեղերում են հավերժ անփոփոխ Արթուր Բաղդասարյանը, Մհեր Շահգելդյանը և Հեղինե Բիշարյանը:

Թաթուլ Հակոբյան