21 նոյեմբեր, 2018 17:28

Հեռուստամարաթոնը՝ հանուն սահմանների

Իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանն ինը հարց է ուղղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Ինքը՝ Փաշինյանն այսօր խոսել է Հայաստան հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի մասին։ Թաթուլն արդարացի հարցադրումներ է անում՝  Տավուշի մարզի Բերդավան գյուղի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանի գերության, նրան ազատելու ուղղությամբ կառավարության գործողությունների ու հայտարարությունների առնչությամբ։

Սակայն ես կանգ կառնեի առաջին երկու հարցադրումների վրա․

«Ինչքանո՞վ է հիմնավոր գրեթե պաշտոնական մակարդակով շրջանառվող պնդումը, որ Կարեն Ղազարյանը մոլորվել ու հատել է Հայաստան-Ադրբեջան սահմանը։ Եթե անգամ դա այդպես է, ապա անհասկանալի է, թե ինչու նրա սահման հատելը չեն նկատել հայ դիրքապահները կամ Կարենին, բարեբախտաբար, չի «հանդիպել» ցանված ականը հայկական կամ ադրբեջանական կողմում»։

«Երկրորդ․ ինչո՞ւ ենք բացառում, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է մտել գյուղ և Կարենին գերեվարել Ադրբեջան։ Այս դեպքում կրկին և առավել լրջանում է առաջին հարցում հնչեցվածը՝ ինչպե՞ս չեն նկատել հայ դիրքապահները։ Ի դեպ, Բերդավանում համոզմունք կա, որ Կարենին տարել են։ 90-ական թվականներից ի վեր բազմաթիվ անգամ եղել են գերեվարումների դեպքեր սահմանի հենց այս հատվածում»։

Այս տարվա ամռանը իմ գործընկերները Բերդավանում էին, զրուցել են Կարենի հարազատների, համագյուղացիների հետ։ Ինչպե՞ս է Կարեն Ղազարյանը հայտնվել սահմանից այն կողմ․ գյուղում ամենատարբեր վարկածներ են շրջանառվում։ Անհերքելի է մի փաստ՝ այսօր Հայաստանի սահմաններն ավելի քան խոցելի են, հետևաբար ավելի քան խոցելի են այդ սահմաններին ապրող մեր հայրենակիցները, և պետության պարտավորությունն է օր առաջ մտածել սահմանների ամրացման, իր քաղաքացիների կյանքի ու անվտանգության ապահովման մասին։

Այո՛, կուտակված խնդիրները շատ են, ստացած ժառանգությունը՝ ծանր, սահմանների ամրացումը՝ թանկ և դժվար գործ, և հենց այստեղ է, որ գալիս է համայն հայության ներուժը նպատակային օգտագործելու պահը։

Առաջիկա հեռուստամարաթոնի միջոցները, ինչպես այսօր նշեց իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, ուղղվելու են Արցախում խորքային հորերի ու կաթիլային ոռոգման համակարգերի զարգացմանը, Հայաստանում ենթակառուցվածքների զարգացմանը, դպրոցների՝ արևային էներգիայով սնուցման համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկմանը, բարձր տեխնոլոգիաների ստարտափերի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, երիտասարդական ստեղծարար կենտրոնի հիմնմանը: Ինչ խոսք, կարևոր ուղղություններ, որոնք նպաստելու են երկրի զարգացմանը, սակայն զարգացումը սկսվում է անվտանգությունից, անվտանգությունը՝ սահմանից։

«Նոր Հայաստան» կառուցելիս անհրաժեշտ է բովանդակությամբ լցնել «Նորը» և մտածել հին մոտեցումներն ու գաղափարներն արդիականացնելու, վերաիմաստավորելու ուղղությամբ։ Այս տարվա հեռուստամարաթոնի միջոցների մի մասը կարող էր ուղղվել Հայաստանի սահմանների ամրացմանը։ Ի վերջո, առանց անվտանգ Հայաստանի դժվար է երևակայել անվտանգ Արցախ։

Այս մտորումներն ավելի քան հրատապ են դառնում այս օրերին, երբ ակնհայտ է՝ արտաքին վտանգի դեպքում մեզ օգնության հասնողը ոչ Բելառուսն է, ոչ էլ՝ Ղազախստանը, և մեր անվտանգության հովանոցը սահմանին կանգնած մեր զինվորն է և նրա թիկունքում ապրող գյուղացին։

Ստելլա Մեհրաբեկյան