23 նոյեմբեր, 2018 12:40

Թուրքիան համագործակցել է Ռուսաստանի հետ ԼՂ հարցում, սակայն հետո գործընթացը կանգ է առել․ խոսնակ

Թուրքիան սերտորեն համագործակցել է Ռուսաստանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, սակայն ինչ-որ ուժերի միջամտության արդյունքում գործընթացը կանգ է առել․ այս մասին «Հարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի միջև․ ձևավորել ապագան» խորագրով համաժողովին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։ 

Թուրքական Akşam թերթի հաղորդմամբ՝ վերջինս շեշտել է՝ Ռուսաստանը շատ մեծ դեր է խաղում հիմնախնդրի լուծման հարցում, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբին չի հաջողվում հասնել արդյունքների, որոնք ակնկալվում են նրանից, ինչի հետևանքով հակամարտությունը շարունակում է սառեցված մնալ։

Իբրահիմ Քալընի խոսքով՝ Թուրքիան հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով և համագործակցել է Ռուսաստանի հետ, սակայն ինչ-որ ուժերի միջամտության պատճառով գործընթացը կանգ է առել։

Թուրքիայի նախագահի խոսնակը ևս մեկ անգամ բարձրաձայնել է պաշտոնական Անկարայի թեզն այն մասին, որ «ադրբեջանական տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին»։ Քալընի պնդմամբ՝ Թուրքիան «նախապաշարմունքներ չունի» Հայաստանի հանդեպ, և հիմնահարցի լուծումը Հայաստանին «մեծ օգուտ կբերի, և Կովկասում կկառուցվի խաղաղություն և կայունություն»։