23 նոյեմբեր, 2018 17:25

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ի՞նչ պիտի անի, սենյակից դուրս չգա՞. Փաշինյանը՝ մեղադրանքների մասին

Հայաստանում որևէ մեկի, որևէ քաղաքացու, այդ թվում՝ նաև ՀՀ վարչապետի՝ հանրահավաք անցկացնելու իրավունքը սահմանափակված չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն դիտարկումներին, թե մարզեր այցելելով, Փաշինյանը, ըստ միջազգային չափորոշիչների, չարաշահում է վարչական ռեսուրսը:

«Միջազգային չափանիշները, խնդրում եմ, ձեր կայքերում հրապարակեք: Այսինքն, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ի՞նչ պիտի անի, պիտի սենյակից դուրս չգա՞»,- ասաց Փաշինյանը:

Tert.am-ի դիտարկմանը, թե ինչո՞ւ, օրինակ, Երևանում երթը նոյեմբերի 24-ին է անցկացնում, ոչ թե 26-ին, երբ սկսվում է քարոզարշավը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «ՀՀ որևէ քաղաքացի որևէ օր երթ անելու համար սահմանափակվա՞ծ է»:

Ճշտող հարցին, թե վարչապետի պաշտոնակատարն ուզում է ասել, որ երթը քարոզչական բնույթ չունի՞, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Իսկ օգոստոսի 17-ին, որ հանրահավաք էինք անում, խախտո՞ւմ էինք, թե չէինք խախտում, առջևում Երևանի ավագանու ընտրություններին էին: Կամ գնացել եմ Սյունիքի ու Տավուշի մարզ, խախտում անո՞ւմ էինք, թե չէ»:

«Ես խնդրում եմ, առաջադրանք համայն հայության իրավաբաններին, հատկապես հանրապետականներին. որևէ մեկը գիտի՞, որ որևէ քաղաքացի, այդ թվում՝ վարչապետը, սահմանափակված է որևէ օր որևէ հանրահավաք անելու համար: Դա իրենց Հայաստանում էր այդպես, այս Հայաստանում այդպես չէ: Կոչեր կարող են հնչել միշտ, քաղաքական ուժերը պետք է անընդհատ քարոզչություն անեն, քարոզչական ժամկետից դուրս գան որոշակի սահմանափակումների»,- ասաց Փաշինյանը:

Հարցին, թե արձակուրդ գնալո՞ւ է քարոզարշավի մեկնարկից առաջ, Փաշինյանը պատասխանեց, որ իր քարոզչությունը «սկսել է 2007-ին և կշարունակի քանի դեռ քաղաքական գործունեությամբ է զբաղվում»:

«Թրանսփարենս ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը հայտարարել է, որ միջազգային չափանիշներով վարչապետի պաշտոնակատարը վարչական ռեսուրսի չարաշահում է թույլ տվել իր մարզային այցելություններով։

 

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում