29 նոյեմբեր, 2018 15:36

Հարկեր․ ինչ են առաջարկում քաղաքական ուժերը

Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է ինը կուսակցություն և երկու դաշինք։ ՍիվիլՆեթը նրանց նախընտրական ծրագրերից առաձնացրել է հարկային քաղաքականությանը վերաբերող հատվածները։

ՀՅԴ

Ներդնել պրոգրեսիվ հարկման գաղափարը՝ «շատից շատ», «քչից քիչ» տրամաբանությամբ։ Ըստ ՀՅԴ-ի՝ հարկային համահարթեցման քաղաքականությունը՝ անկախ դրույքաչափից,  չի կարող մեղմել սոցիալական անհավասարությունը։ Պրոգրեսիվ հարկման տրամաբանությունը պիտի գործի գույքահարկի ու հողի հարկի պարագայում նույնպես։ «Ունևոր մարդը պատրաստ է ավելի շատ հարկ վճարել, եթե դրան համապատասխան պետությունից ստանա իր սեփականության լիարժեք պաշտպանվածություն, մաքուր շրջակա միջավայր, իր երեխաների համար անվճար և որակյալ կրություն ու առողջապահություն»,- նշված է ՀՅԴ ծրագրում։  

Քաղաքացու որոշում

Ցածր եկամուտ ունեցողները պետք է հարկվեն ցածր դրույքաչափով։ Քաղաքացու որոշումը նշում է՝ ձգտելու են հարկման անհատական մոտեցման, որ քաղաքացիները հարկվեն տարբեր դրույքաչափերով՝ կախված առողջական վիճակից, խնամակալության տակ գտնվող անչափահասների ու ծերերի թվից կամ սոցիալական այլ հանգամանքներից։ Քաղաքացու որոշումը մտադիր է ներդնել ճկուն հարկային գոտիականություն ու հասցեականություն՝ ապահովելու ցածր մրցունակություն ունեցող տարածքներում համաչափ զարգացումը։ Առաջարկում է չհարկել գիտահետազոտական գրանտները, նաև՝ փոփոխել հանքարդյունաբերական ընկերությունների հարկման մեխանիզմը ու հարկային արտոնություն տալ հանքարդյունաբերական այն ընկերություններին, որոնք արդյունահանում կիրականացնեն նոր՝ կանաչ տեխնոլոգիաներով։

Ազգային առաջընթաց

Կուսակցությունն առաջարկում է կրճատել հարկատեսակներն ու հարկային բեռը՝ մանր ու միջին կազմակերպությունների, միջին խավի համար։ Առաջարկվում է հարկային բեռը բարձրացնել միայն հանքարդյունաբերության ոլորտում, քանի որ այն չի համարվելու գերակա ճյուղ։ Նաև՝ կիրառել եկամտահարկի դրույքաչափերի սանդղակ ու նվազեցնել հարկային բեռը այն մարդկանց համար, որոնք ստանում են ամսական մինչև 250 000 դրամ եկամուտ։ Եկամտահարկի ու շահութահարկի սանդղակները պետք է մաքսիմալ նույնական լինեն, իսկ մանր ու միջին ձեռնարկություններ պետք է համարել մինչև 30 միլիոն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողներին։

Իմ քայլը դաշինք

Իմ քայլը նախատեսում է նվազեցնել շահութահարկի, եկամտահարկի ու շահաբաժինների հարկման ներկա դրույքաչափերը։ Մասնավորապես, շահութահարկը նախատեսվում է  20 տոկոսից իջեցնել 18 տոկոսի։ Առաջարկվում է ռեզիդենտների ու ոչ ռեզիդենտների շահաբաժինները հարկել միասնական՝ 5 տոկոսով։ 2019-ից կգործի եկամտահարկի 23 տոկոս համահարթ դրույքաչափ, որը մինչև 2023 թվականը կնվազի ու կհասնի 20 տոկոսի։

Դաշինքն առաջարկում է գույքահարկը հաշվարկել անշարժ գույքի շուկայական արժեքից ու անցում կատարել մեկ անձի սեփականության ներքո գտնվող գույքային միավորների կոնսոլիդացված հարկման։ Դաշինքը նաև խոստանում է փոփոխություններ կատարել «Շքեղության հարկի մասին» օրենքում, ընդլայնել շքեղության հարկի օբյեկտների ու վճարողների ցանկը, ինչպես նաև ընդլայնել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերը։ Դաշինքը նախատեսում է կիրառել հասցեական հարկային քաղաքականություն ու նպաստել Երևանից դուրս՝ հատկապես սահմանամերձ գոտիներում գործարար համայնքի կայացմանը։ Իմ քայլը նաև նախատեսում է ներդնել գոտիական հարկման այնպիսի համակարգ, որի արդյունքում կլինեն հողի հարկի, ավելացված արժեքի հարկի արտոնություններ։

Սասնա ծռեր

Սասնա ծռեր կուսակցությունը առաջարկում է կիրառել արտոնյալ հարկային քաղաքականություն ՏՏ ոլորտում՝ հնարավոր համարելով ոլորտն ամբողջությամբ հարկերից ազատելու տարբերակը։ Սասնա ծռերն առաջարկում են դիտարկել նաև փոքր ու միջին բիզնեսի համար երկամյա «հարկային արձակուրդը»։

Լուսավոր Հայաստան

Լուսավոր Հայաստանն առաջարկում է հարկային բեռի վերաբաշխում դեպի խոշոր բիզնես, կամերալ ստուգումների անցկացում փոքր ու միջին բիզնեսներում։ Նախատեսվում է երեք տարով հարկերից ազատել այն գերփոքր տնտեսվարողներին, որոնց վերջին երեք տարիների շրջանառությունը չի գերազանցել 60 միլիոն դրամը։ Լուսավոր Հայաստանը առաջարկում է շրջանառության հարկի շեմի ամրագրում 115 միլիոն դրամի չափով, շքեղության հարկի ներդրում, գույքահարկի հարկման հիմքում շուկայական արժեքի ներդրում, հարկատեսակների քանակի կրճատում։ Առաջարկում է նաև հարկային արտոնություն տալ ոչ թե անհատ տնտեսվարողներին, այլ ոլորտներին։

Բարգավաճ Հայաստան

Բարգավաճ Հայաստանի նախընտրական ծրագրում նշվում է, որ փոքր ու միջին ձեռնարկությունները չպետք է դիտարկվեն որպես պետբյուջեի մուտքերն ապահովող օբյեկտ։ Ծրագրով առաջարկվում է մինչև 30 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկություններին առաջիկա հինգ տարում ազատել հարկերից։ ԲՀԿ-ն առաջարկում է շրջանառության հարկման շեմ սահմանել 150 միլիոն դրամը և առաջիկա երեք տարիներին ամբողջական փաստաթղթավորման պայմաններում անցնել շրջանառության հարկով հարկման համակարգին։ ԲՀԿ-ն հայտարարում է, որ գործող հարկերի չափը պետք է նվազի, պետք է նվազի նաև եկամտահարկի դրույքաչափը՝ հիմքում դնելով հարկման պրոգրեսիվ սանդղակը։

Մենք դաշինք

Մենք դաշինքը ևս հարկերի նվազեցման վերաբերյալ դրույթներ ունի իր ծրագրում, մասնավորապես՝ առաջարկվում է մինչև 50 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների համար սահմանել 10,000 դրամ սիմվոլիկ հարկ, 50-200 միլիոն դրամ շրջանառության դեպքում՝ 5 տոկոս, իսկ 200-500 միլիոն դրամի դեպքում՝ 7-9 տոկոս շրջանառության հարկ՝ ըստ ոլորտների։ Շահութահարկի վճարումից 5 տարի ժամկետով ազատել այն ներդրողներին, որոնք 10 միլիոն դոլարից ավել ներդրումներ կանեն և կստեղծեն հարյուրից ավել աշխատատեղ։ Այս դաշինքն առաջարկում է գյուղատնտեսության, բժշկության, արդյունաբերության և այլ ոլորտներում կիրառվող տեխնիկական, տեխնոլոգիական սարքավորումների ներմուծումն ազատել ԱԱՀ-ից։ Մենքը առաջարկում է նաև շարունակել հարկային արտոնություններ տրամադրելու քաղաքականությունը ՏՏ ոլորտում։

Օրինաց երկիր

ՕԵԿ-ն իր նախընտրական ծրագրով առաջարկում է մինչև 25 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկություններին հարկերից ազատել։Այս կուսակցությունն առաջարկում է նաև կազինոներին, խաղադրույքներ ու շահումներ ընդունող կենտրոնների համար հարկերի ավելացում կատարել, 88-ի երկրաշարժից տուժած ու սահամանամերձ բնակավայրերին հարկային արտոնություններ տրամադրել։    

Հայաստանի հանրապետական և Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունների ծրագրերում հարկային քաղաքականությանն անդրադարձ չկա։

Մկրտիչ Կարապետյան