30 նոյեմբեր, 2018 16:21

Բակո Սահակյանի մոսկովյան այցի հետ կապված Բաքվի առարկություններն անհիմն են․ ՌԴ ԱԳՆ

Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը Մոսկվա մասնավոր բնույթ էր կրում, դրա կարգավիճակն ակնհայտ էր և այն չէր հակասում ոչ ռուսաստանյան օրենսդրությանը, ոչ էլ միջազգային պայմանավորվածություններին․ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

«Այդ ուղևորությունը չի կարող դիտարկվել այլ կերպ, քան որպես մասնավոր։ Դրա կարգավիճակը ակնհայտ է։ Եվ այն չի հակասում ոչ ռուսաստանյան օրենսդրությանը՝ հենց այդ կարգավիճակով որպես մասնավոր այց, ոչ առկա միջազգային պայմանավորվածություններին, ոչ ղարաբաղյան կարգավորման գործընթացում Ռուսաստանի միջնորդական առաքելությանը։ Հետևաբար ռուսաստանյան կողմին ներկայացվող առարկությունները, որոնք արտահայտվել են ադրբեջանական կողմի վերջին հայտարարությունում, մեր տեսանկյունից անհիմն են»,- հայտարարել է Զախարովան։

Խոսնակը նաև նշել է, որ դեկտեմբերի 6-7-ը Միլանում ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկկողմ հանդիպումների շրջանակում քննարկվելու են ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցութուններում կոնկրետ քայլեր։

Նոյեմբերի 24-ին Արցախի նախագահի պաշտոնական կայքում հրապարակվել է հաղորդագրություն այն մասին, որ Բակո Սահակյանը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։

Ադրբեջանի ԱԳՆ-ն, արձագանքելով այցին, հայտարարել է, որ Սահակյանի այցը «խաթարում է բանակցային գործընթացի առաջմղման ուղղությամբ ջանքերը և հակասում է Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի ջանքերին»։