1 դեկտեմբեր, 2018 11:56

Հանքարդյունաբերություն․ ինչ են խոստանում քաղաքական ուժերը

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության շարժիչներից մեկն է, որին բաժին է ընկնում ընդհանուր արտահանման կեսից ավելին։ Հանքարդյունաբերությունը նաև ամենախնդրահարույց ոլորտն է բնապահպանության տեսանկյունից։

Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է ինը կուսակցություն և երկու դաշինք։ ՍիվիլՆեթը նրանց նախընտրական ծրագրերից առաձնացրել է հանքարդյունաբերությանն առնչվող հատվածները։

ՀՅԴ

ՀՅԴ-ն իր ծրագրում նշում է՝ պետության քաղաքականությունը պետք է միտված լինի բնական ռեսուրսների գերշահագործումը բացառելուն, շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազեցնելուն, բնական ռեսուրսների համալիր կառավարմանը ու դրանից ստացվող եկամուտների արդար բաշխմանը հասարակության բոլոր անդամների միջև։

Քաղաքացու որոշում

Քաղաքացու որոշում կուսակցությունը ցանկանում է փոփոխել Հայաստանի տնտեսության կառուցվածքը՝ հանքարդյունաբերական-ագրարայինից անցում կատարելով արդյունաբերական, ծառայությունների ու բարձր տեխնոլոգիաների տնտեսության։ Այս ճանապարհին կուսակցությունն առաջարկում է հետ մղել մետաղական հանքարդյունաբերությունը, իսկ պետության կարիքներից ելնելով եզակի դեպքերում՝ մետաղական հանքերի շահագործումը։ Ըստ Քաղաքացու որոշում-ի, մետաղական հանքերի շահագործումը պետք է լինի պետության կառավարման ու հսկողության ներքո։

Կուսակցությունն առաջարկում է հանքարդյունաբերությունն ու արդյունաբերության մյուս ճյուղերը նույն դրույքաչափով չհարկել, «քանի որ հանքարդյունաբերական ընկերությունների աշխատանքը ոչ թե արդյունաբերական արտադրություն է, այլ հանրությանը պատկանող ընդերքը արդյունահանելու ծառայություն, որը պետք է հարկվի այլ ռեժիմով»։

Կուսակցությունն առաջարկում է փուլ առ փուլ բարձրացնել բնօգտագործման վճարների չափը, կոշտ ու համարժեք քաղաքականություն վարել միջավայրի աղտոտման հարցում, արմատապես փոփոխել շրջակա միջավայրի ազդեցության գնահատման համակարգը և այլն։

Ազգային առաջընթաց

Ազգային առաջընթացը հանքարդյունաբերությունը չի դիտարկում որպես տնտեսական զարգացման հեռանկարային ոլորտ։ Կուսակցությունն առաջարկում է հարկային բեռը բարձրացնել հանքարդյունաբերության ոլորտում, քանի որ այն տնտեսական կառուցվածքում չի համարվելու գերակա ճյուղ։ Ազգային առաջընթացը խոստանում է իշխանության գալու դեպքում խստացնել օրենսդրական ու լիցենզավորման պահանջները հանքարդյունաբերության ոլորտում՝ սահմանափակելու ծավալներն ու ֆինանսական գրավչությունը։

Իմ քայլը դաշինք

Քաղաքացիական պայմանագիր և Առաքելություն կուսակցություններից կազմված Իմ քայլը դաշինքը նախատեսում է քայլեր ձեռնարկել բնական ռեսուրսների արդյունահանման ծավալների ու հանքահումքային հենքի վերարտադրության տեմպերի միջև դիսբալանսի վերացման համար, զարգացնել վերամշակող հանքարդյունաբերությունը, ապահովել շահագործված հանքերի փակման ժամանակակից մեխանիզմների կիրառումը։

Իմ քայլը մտադիր է նվազեցնել հանքանյութի արտահանումը՝ փոխարինելով դա վերամշակված հանքանյութի արտահանմամբ ու ներդնել ամենախիստ բնապահպանական չափանիշները։ Դաշինքը մտադիր է նաև որդեգրել բնական ռեսուրսների գերշահագործման ու բնական ապօրինի օգտագործումը բացառող քաղաքականություն, բնապահպանական վճարներն ուղղել շրջակա միջավայրի պաշտպանության նորարարական գաղափարների իրականացմանը։ Դաշինքը խոստանում է ներդնել «պարտք բնապահպանությա դիմաց» համակարգը, որով գումարների մի մասը, որ պետք է ծառայեր արտաքին պարտքի սպասարկմանը, ուղղվելու է բնապահպանական ծրագրերին։

Սասնա ծռեր

Սասնա ծռերը նախատեսում են իրականացնել հանքավայրերի ստուգաչափական մշտադիտարկում ու քարտեզագրում, ուսումնասիրել հանքավայրերը շահագործելու նպատակով տրամադրված արտոնագրերի օրինականությունը։

Լուսավոր Հայաստան

Լուսավոր Հայաստանը կարևորում է բնական պաշարները թափանցիկ ու արդյունավետ օգտագործելու խնդիրը։ Ծրագրով նախատեսվում է վարել քաղաքականություն բնական պաշարների գերշահագործումը ու շրջակա միջավայրի, այդ թվում մարդու կյանքի և առողջության վրա բացասական ազդեցությունները բացառելու նպատակով։

Մենք դաշինք

Հանրապետություն և Ազատ դեմոկրատներ կուսակցություններից բաղկացած Մենք դաշինքը առաջարկում է ընդերքօգտագործման գույքագրում ու քվոտավորում։ Մենքն առաջարկում է 2024-ից արգելել հանքահումքային արդյունաբերության ու մետալուրգիայի ոլորտներում հումքի արտահանումը՝ վերամշակման գործունեությունը ծավալելու ու նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով։ Ընտրվելու դեպքում այս ուժը մտադիր է խստացնել բնապահպանական օրենսդրությունը։

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն իր ծրագրում նշել է, որ Հայաստանը կարող է դառնալ քարի արդյունահանման ու վերամշակման համաշխարհային լաբորատորիա՝ օգտագործելով քարհանքերը։ Բնապահպանությունն էլ, ըստ կուսակցության, պետք է գտնվի պետության բարձր հոգածության ներքո։

Օրինաց երկիր կուսակցություն

Օրինաց երկիրը նախատեսում է ընդերքի ու բնական պաշարների նկատմամբ պետական վերահսկողության ուժեղացում, օֆշորում գրանցված ընկերություններին հանքարդյունաբերության ոլորտում ծրագրերի մասնակցության սահմանափակում, ընդերքօգտագործողների համար 1 տոննա հանքանյութի համար պետական վճարի դրույքաչափի բարձրացում։

ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ծրագրերում բնապահպանության ու հանքարդյունաբերության մասին դրույթներ չկան։

Մկրտիչ Կարապետյան

Լուսանկարում՝ Թեղուտի հանքավայրը և հանքի շահագործման նպատակով վերացված անտառը։

Տե՛ս նաև՝

Կոռուպցիայի դեմ պայքարը՝ քաղաքական ուժերի ծրագրերում

Հարկեր․ ինչ են առաջարկում քաղաքական ուժերը

Ղարաբաղի հարցը նախընտրական Հայաստանում․ ինչ են ասում քաղաքական ուժերը