3 դեկտեմբեր, 2018 12:26

Պուտինը Փաշինյանին առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ի ՀԱՊԿ հավաքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին վերջին հեռախոսազրույցում առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթաժողովը։

«Ռուսաստանի Դաշնության նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկեց, որ ամսի 6-ին ՀԱՊԿ գագաթաժողովը չանենք, քանի որ այսպիսի իրավիճակ է: Ապա աշխատանքային կարգով քննարկենք իրավիճակը, լուծումները, որպեսզի պատրաստի լուծումներով գնանք, և ես համաձայնեցի, որովհետև կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է»,- այս մասին Վայոց ձորի մարզում քարոզարշավից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ քանի որ հիմա էլի քննարկումների արդյունքում պարզվել է, որ էլի կոնսենսուս չկա, «Աստանայի պատկերը կրկնելը իմաստ չունի, դա կառուցողական չէ»։

«Պայմանավորվածությունը հետևյալն է, որ մենք կշարունակենք աշխատանքային կարգով քննարկումները, մինչև որևէ կոնսենսուսային կարգով լուծումներ գտնենք»,– ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը ռուսաստանյան RBC գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ մինչև 2019 թվականը ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար չի ընտրվելու։

Կարդացե՛ք

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման քննարկումը՝ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում

Բելառուսում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը իրեն «միջազգային դատախազի տեղ է դրել»