5 դեկտեմբեր, 2018 21:36

ԱՅԲ հիմնադրամում ստուգումներն ավարտվել են, բազմաթիվ լուրջ պրոբլեմներ են հայտնաբերվել․ նախարարի պաշտոնակատար

ԱՅԲ հիմնադրամում ստուգումներն ավարտվել են, բազմաթիվ լուրջ պրոբլեմներ են հայտնաբերվել․ այս մասին ՍիվիլՆեթեի հետ հարցազրույցում հայտարարել է կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։

Այս տարվա մայիսին Արայիկ Հարությունյանը, ստանձնելով կրթության և գիտության նախարարի պաշտոնը, քննադատել էր ԱՅԲ հիմնադրամի նախագահ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանի գործունեությունը։ Հարությունյանը նշել էր, որ Տեր Մեսրոպը կրթության ոլորտին մեծ վնաս հասցրած գործիչ է և հանձնարարել էր ֆինանսական աուդիտ անցկացնել ԱՅԲ հիմնադրամում։

ՍիվիլՆեթի հետ զրույցում, ի պատասխան Թաթուլ Հակոբյանի հարցի, թե արդյոք չափազանցված չէր ԱՅԲ-ի մասին հայտարարությունը, Արայիկ Հարությունյանը պատասխանել է․

«ԱՅԲ-ի հետ կապված հայտարարություն չի եղել։ Հայտարարությունը եղել է Տեր-Մեսրոպի հետ կապված։ Ես այդ հայտարարությունը բազմիցս վերահաստատել եմ։ Այս մարդը պետք է շատ հեռու լինի ընդհանուր հանրակրթության ոլորտից։ Մինչդեռ լինելով Սերժ Սարգսյանի՝ կրթության գծով խորհրդականը՝ շատ ուղիղ ազդեցություններ է ունեցել կրթության ոլորտի վրա, և իր էմիսարի համար հատուկ փոխնախարարի պաշտոն է բացվել նախարարությունում։ Եվ ըստ էության վերահսկողություն է հաստատվել կրթության և գիտության նախարարության նկատմամբ։ Իմ քաղաքական հայտարարությունը կապված է եղել սրա հետ»։

Ինչ վերաբերում է Արարատյան բակալավրիատին, կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարը նշել է․

«Արարատյան բակալավրիատի բովանդակային և ֆինանսական ստուգումները ավարտվել են նոյեմբերի 30-ին, հիմա մենք բազմաթիվ խնդրահարույց և լուրջ պրոբլեմներ ենք այնտեղ հայտնաբերել։ Ի տարբերություն Արարատյան բակալավրիատի և այն իրականացնող հիմնադրամի ղեկավարության՝ էթիկայի կանոններից ելնելով ես հիմա կոնկրետ օրինակներ չեմ նշի, որովհետև մենք այդ հայտնաբերածն ամփոփում ենք և պետք է ուղարկենք իրենց՝ կարծիքի։ Բայց այնտեղ կան լրջագույն պրոբլեմներ։ Եվ ես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ էլ եմ ասել, որ սրա հետ կապված նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ, և դուք կտեսնեք, թե որքանով էին այդ հայտարարությունները ժամանակին համապատասխանում իրականությանը»։