6 դեկտեմբեր, 2018 16:51

Հայաստանը կստանձնի Եվրասիական տնտեսական միության նախագահությունը  

2019 թվականին Հայաստանը կստանձնի Եվրասիական տնտեսական միության նախագահությունը․ այս մասին այսօր Սանկտ Պետերբուրգում կայացած եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։  

Վլադիմիր Պուտինը հաջողություն է մաղթել Հայաստանին «մեկնարկող բարդ և կարևոր գործում»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը իր կառավարության գերակայություններից է:

«ԵԱՏՄ երկրների հետ առևտրատնտեսական համագործակցությունը դառնում է կարևորագույն դրական գործոններից մեկը, որն ազդում է երկրի տնտեսական աճի և արտաքին առևտրի ներուժի վրա»,- ասել է նա։

«Մենք պատրաստ ենք հետայսու նույնպես գործադրել բոլոր ջանքերը ինտեգրացիոն ինստիտուտների կատարելագործման և համագործակցության նոր ուղիներ ու մեխանիզմներ գտնելու համար: Այս համատեքստում կցանկանայի նշել, որ Հայաստանը ողջունում է «Ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման մասին հռչակագիրը» և սատարում է այդ փաստաթղթի դրույթները, որոնք սահմանում են մեր համագործակցության փիլիսոփայությունը և դրա զարգացման հիմնական ուղղությունները»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: