6 դեկտեմբեր, 2018 09:50

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները «ծավալել են մտքերի օգտակար փոխանակություն»

Դեկտեմբերի 5-ին Միլանում, ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Դրան նախորդել էր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարi հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների թվով երրորդ հանդիպումը ևս միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին։ Այս առումով ծավալվեց մտքերի օգտակար փոխանակություն։

Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան։